Մահացել է Ժան Պոլ Բելմոնդոն

77

Մահացել է ֆրանսիացի հայտնի դերասան Ժան-Պոլ Բելմոնդոն:

Դերասանն 88 տարեկան էր. հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով նրա փաստաբանին:

Ժան Պոլ Բելմոնդոն խաղացել է մոտ 100 ֆիլմերում։

Ռեժիսոր Մարկ Ալեգրեի «Եղիր գեղեցիկ և լռիր» կինոնկարով (1958) Բելմոնդոն մուտք է գործում կինեմատոգրաֆ։ Նրա կինոխաղացանկում նշանակալից տեղ են գրավում ռեժիսորներ Մարսել Կառնեի «Զեղծարարները» (1958), Մարկ Ալեգրեի «Տարօրինակ մի կիրակի» (1960), Ժան Լյուկ Գոդարի «Վերջին շնչում» (1959) և «Թիվ 2 վերջին շնշում» (1975), Ժակ Դյուբոնի «Զվարճանք» (1960), Ալբերտ Լատուադայի «Նորելուկը» (1960), Վիտտորիո Դե Սիկայի «Չոչարա» (1960), Գեզա Ռադվանիի «Օրիորդ հրեշտակ» (1963), Կլոդ Լելուշի «Մարդ, որին հավանում եմ» (1969), Ժիլբեր Պրուտոյի «Աստված ընտրեց Փարիզը» (1969) : Ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյը առաջիններից մեկն էր, որ հնարավորություն ընձեռեց դերասանին լիովին բացահայտելու իր տաղանդը, նրան վստահելով գլխավոր դերեր՝ «Ֆրանսուհին և սերը» (1966), «Կապիկը ձմռանը» (1967), «Դրամարկղը» (1972) և ուրիշ կինոերկերում։ 1972 թվականին Բելմոնդոն նկարահանվեց ռեժիսոր Կլոդ Շաբրոլյի «Բժիշկ Պոպոլ» կինոժապավենում և հաջողությամբ մարմնավորեց գլխավոր հերոսի՝ բժշկի դերը։ Պրեզիդենտ Քենեդիի սպանության փաստին նվիրված ռեժիսոր Ֆիլիպ Լաբրոյի «Ժառանգորդը» կինոնկարում (1973) Բելմոնդոն զորեղ ու գեղեցիկ խաղով կարողացավ իր մարմնավորած բարդ ու հետաքրքիր կերպարը բացահայտել և վերամարմնավորել դիպուկ շտրիխներով։ 1975 թվականին նա նկարահանվեց Վերնոյի «Սարսափ քաղաքում» կինոնկարում, մարմնավորելով ոստիկանին՝ Փարիզի քրեական բաժնի պետին։