Տարընթերցում

68

Գրիգոր Առաքելյանի ՖԲ էջից, –

Սփյուռքահայերից յուրաքանչյուրը դրսում ապրելու և Հայաստանը հեռվից սիրելու իր պատճառներն ու արդարացումն ունի։ Մեկը ցեղասպանված սերնդի  զավակ է, մյուսը՝ խորհրդային  գաղափարախոսությունը  մերժած այլախոհ, մեկը նորօրյա Հայաստանի դատական համակարգի զոհերից է, մյուսը՝ հոլիվուդյան տենդի պատճառով  հայրենիքը լքած հայորդի։ Մեկը 88-ի երկրաշարժի հետևանքով  տանիքը կորցրած  պանդուխտներից է, մյուսը՝․․․

Սակայն, անկախ օտար ափերում հայտնվելու հանգամանքներից ու արդարացումներից, Հայաստանը բոլորի ցանկությունները միավորող այն լուսատու փարոսն է, որի նկատմամբ յուրաքանչյուրն ունի  սերն արտահայտելու իր պատկերացումը։ 

Մեկն  անսալով  Արամայիս Սահակյանի հորդորին,  այրվելու վախից, գերադասում է  հայրենիքը սիրել միայն  հեռվից։  

Մյուսը  Սիլվա Կապուտիկյանի հետևորդն է,  որ հազարագանձ հայոց լեզուն  որդուն հանձնելու մասին Ամենայն Հայոց բանաստեղծուհու  պատգամի մեջ  նկատում  է հայրենիքը լքող հարազատ որդուն նվիրված   «Թե մորդ անգամ մտքից հանես, քո Մայր լեզուն չմոռանա’ս»  հորդորն ու բավարարվում միայն օտարության մեջ մայրենին սերտելով։ 

Մեկն  էլ անտեսելով  հանճարեղ Չարենցի՝ օրհներգ  դարձած    «Ես իմ անուշ Հայաստանի» տողերի  մեծ մասը, Հայրենիքը  պատկերացնում  է  միայն  «Մթում կորած խրճիթների անհյուրընկալ  սև  պատերի» տեսքով։

Մեկն էլ  դրսում ապրող կասկածամիտ հայերից  է, որ հաճախ է խորհում Սյունյաց աշխարհի տաղերգու Համո Սահյանի տողերի մասին ու  տարակուսում, թե ինչո՞ւ է բանաստեղծն ինքն իրեն հարց տալիս․  «Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ, ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ»,  ու մտածում՝ չլինի՞  հայրենիքը լքելու խնդիր է դրված  հայրենաբնակ  յուրաքանչյուր հայի առջև։

Մյուսի մոտ  էլ  կասկածներ են առաջացնում  մեկ այլ սյունեցու ՝ «Գուսան Աշոտ հայոց հողը ԱՆԱՐԱՏ Է» երգի բառերը,  որը որոշ թոթովախոս հայերի շուրթերից  հնչում է նաև «Հայոց հողը ԱՆԱՌԱՏ Է» տարընթերցմամբ։

Նույն կասկածամիտ  հայի  շուրթերից հաճախ էլ  տարակուսանքով  հնչում  է  Մեծն Լոռեցու «Լինե՜ր հեռու մի անկյուն․․․հաշտ ու խաղաղ մարդկություն» գողտրիկ տողերն  ու խորհում, թե   արդյո՞ք  Թումանյանի մտքինը  օվկիանոսներից այն կողմ «խաղաղ մարդկանցով»  բնակեցված  անկյունը  չէ։

Ոչ։ Ո՛չ Թումանյանի  երազածն է ճիշտ ընկալվել, ո՛չ  Սահյանի հայրենիքը չլքելու մտորումները, ո՛չ էլ  մթում կորած խրճիթների անհյուրընկալ սև պատերի մասին Չարենցյան ճշմարտությունը։ Քանի որ,  թեև Հայրենիքը  նեղության  մեջ  է, բայց նրա   հյուրընկալ խրճիթներում կարելի է վայելել  մանկան արդար քունը։ Քանի որ Հայոց  աշխարհի  հողում չարի սերմը երբեք չի կարող բուն դնել։