Դատախազը պահանջում է Ռազմիկ Աբրահամյանի պատիժը խստացնել ու դատապարտել ազատազրկման երեք տարի ժամկետով, իսկ Արսեն Դավթյանին՝ 8 տարի ժամկետով

112

Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել մանկաբարձ-գինեկոլոգ, ՀՀ վաստակավոր բժիշկ Ռազմիկ Աբրահամյանի և ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի տեղակալ Արսեն Դավթյանի գործով դատավճռի դեմ՝ պահանջելով Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը ճանաչել անթույլատրելի և դատապարտել նրան ազատազրկման՝ երեք տարի ժամկետով, իսկ Արսեն Դավթյանին դատապարտել ազատազրկման՝ 8 տարի 3 ամիս ժամկետով։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, հիմնավորված է համարել կաշառքի գործով ԱՆ նախկին փոխնախարար Արսեն Դավթյանին և Ռազմիկ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքը։ Ռազմիկ Աբրահամյանը դատապարտվել է երեք տարի ժամկետով ազատազրկման, սակայն դատարանը նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով 2 տարի ժամկետով փորձաշրջան։ Արսեն Դավթյանը դատապարտվել է 7 տարի ժամկետով ազատազրկման առանց գույքի բռնագանձման։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատավճռի դեմ բողոք են ներկայացրել նաև Արսեն Դավթյանի պաշտպանները՝ պահանջելով բեկանել այն և ճանաչել Արսեն Դավթյանին անմեղ և արդարացնել նրան առաջադրված մեղադրանքում; Վերաքննիչ բողոքները կքննվեն դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ, դատարանի կազմում են նաև դատավորներ Արմեն Բեկթաշյանը, Ռուբիկ Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք։

Իսկ մանկաբարձ գինեկոլոգ, ՀՀ վաստակավոր բժիշկ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել, որ ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները և առողջապահական համակարգի նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք։

Աղբյուր` Փաստինֆո