Դիմացինին թերագնահատելու ու չափից ավել ամբարտավան լինելու հետևանքները…

101

Նարեկ Գալստյանի ՖԲ էջից, –

Այս նկարում պատկերված է, թե ինչպես է Ֆրանսիայի կայսր Նապոլեոն III-ն իր սուսերը հանձնում Պրուսիայի կայսր Վիլհելմին ի նշան անվերապահ կապիտուլիացիայի։ Ֆրանսիայի քաղաքական կապիտուլիացիան տեղի ունեցավ 1870 թ-ի սեպտեմբերի 4-ին այն բանից հետո, երբ ուղիղ 149 տարի առաջ այս օրը Սեդանում պրուսական բանակն ուղղակի ջախջախեց, ոչնչացրեց ֆրանսիացիներին ու գերևարեց Նապոլեոն  III-ին։

Բայց ի՞նչ էր տեղի ունեցել, ինչպե՞ս ֆրանսիական զենքը, որ ընդամենը 60-70 տարի առաջ Նապոլեոն Բոնապարտ հանճարի հրամանատարությամբ ահ ու սարսափ էր տարածում եվրոպական առանց բացառության բոլոր երկրներում, այսպիսի ջախջախիչ պարտություն կրեց՝ պարտություն, որի հետևանքով Ֆրանսիայում վերջնականապես վերացավ մոնարխիան։ Ո՞վ հասցրեց ֆրանսիական բանակն ու պետությունն  այս ողբերգությանը՝ գեներալնե՞րը, շտա՞բը, հասարակությու՞նը, «նախկիննե՞րը», կոռուպցիա՞ն ու կաշառակերությունը, որ ի դեպ, ամենևին խորթ երևույթ չէր այդ երկրին, թե ինքը՝ Շառլ Լուի Նապոլեոն Բոնապարտը, որ ավելի հայտնի է իբրև Նապոլեոն  III։

Ակնհայտ էր, որ այդ տարիներին ֆոն Բիսմարկի ղեկավարության տակ գտնվող Պրուսիան ցանկանում էր միավորել գերմանական բոլոր մանր-մունր իշխանություններն ու կառուցել մեծ Գերմանիա, որին ամեն կերպ փորձում էր խանգարել Ֆրանսիան։ Գերմանական մեծ երազի կառուցումը հնարավոր էր միայն ու միայն ֆրանսիական զենքի պարտությունից հետո, այն զենքի, որ Նապոլեոնի ժամանակ անգերազանցելի էր ու որից սարսափում էր աշխարհն առանց բացառության։ Ու հիմա միայն առիթ էր պետք, որպեսզի Պրուսիան, որ արդեն բավական հզոր ռազմական մեքենա էր ստեղծել, մտներ պատերազմի ոչ այդքան խոհեմ կառավարիչ Նապոլեոն III-ի հետ։ Ժամանակի նկարագիրները պատմում են, որ ֆրանս-պրուսական հարաբերությունները բավական սրվեցին Իսպանիայի գահի շուրջ վիճաբանության ժամանակ, որին իբրև հավակնորդ Բիսմարկն առաջադրել էր Պրուսիայի կայսեր ազգական Լեոպոլդ Գոգենցոլերնին։ Ի դեպ, երկաթյա կանցլերն ուղղակի ստիպել էր նրան համաձայնել դառնալ իսպանական գահի հավակնորդ՝ այս կերպ խաղալով պատվախնդիր ֆրանսիացիների նյարդերի հետ, որոնք իսպանական գահի հետ կապված սեփական հավակնություններն ունեին։ Ու Փարիզի մանր բուրժուաներն ու թերթերի վաճառականները ամեն պատի տակ պոռում էին, որ Ֆրանսիայի շահերին մեծ վնաս է սպառնում, ֆրանսիական դիվանագիտական պարտությունն անթույլատրելի է, պետք է ստիպել այդ Լեոպոլդին հրաժարվել իսպանական գահից։ Եվ այդպես էլ լինում է, Ֆրանսիայի վերջին կայսրը ոչ միայն պահանջում է պրուսակներից հրաժարվել Լեոպոլդի թեկնածությունից, որն, ի դեպ, ընդունվում է, այլ նաև այնքան է լկտիանում, որ Վիլհելմից պահանջում է տալ գրավոր թուղթ, ըստ որի իր երկիրը «երբեք չի փորձի խաղալ Ֆրանսիայի արժանապատվության հետ»։ Վիլհելմը, բնականաբար, չի ընդունում Նապոլեոն  III-ի պատվիրակին, իսկ հետո Բիսմարկի պահանջով հավելում, թե չունի «Ֆրանսիայի կայսեր հետ խոսելու ոչինչ»։ Ինչպես և ինքը՝ Բիսմարկն էր հետագայում ասում, նա վստահ էր, որ այս պատասխանը «գալլական ցլի մոտ կարմիր լաթի արդյունք կտա»։

Եվ, բնականաբար, Բիսմարկը ճիշտ էր։ Սեփական ռազմական հաջողության վրա վստահ ու անգամ գլուխը կորցրած խորհրդարանը բարձր ուռա հայրենասիրական ճառերի ուղեկցությամբ կողմ է քվեարկում ընդդեմ Պրուսիայի պատերազմին, որը հայտարարվում  է  1870 թ-ի հուլիսի  19-ին ու ֆրանսաիական բանակի մի շարք անհաջողություններից հետո ողբերգական ավարտ ունենում Սեդանում սեպտեմբերի 1-ին Նապոլեոն  III-ի բանակի գլխովին ջախջախմամբ ու նրա գերևարմամբ։

Ահա այսպես է սեփական հասարակության կրքերին տոն տվող, պոպուլիզմի հակված Շառլ Լուի Նապոլեոն Բոնապարտն ընկնում Օտտո ֆոն Բիսմարկի նրբորեն լարած թակարդը, ու, վստահ լինելով իր մոտալուտ հաղթանակին, սկսում է մի պատերազմ, որը մեծագույն խարան է ազնվական պատմություն, Նապոլեոն, Ռիշելիե, դը Գոլ, Հենրիխներ տված Եվրոպայի ասպետի՝ Ֆրանսիայի համար։