Եվս 80 ռազմագերու առնչությամբ ունենք անվիճելի ապացույցներ. Սիրանուշ Սահակյան

79

«Եվս 80 ռազմագերու առնչությամբ ունենք անվիճելի ապացույցներ, որ նրանք գերեվարվել են»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:

Նա նշեց, որ այլ հարց է՝ գերեվարումից հետո որքա՞ն ժամանակ են ողջ մնացել կամ արդյո՞ք այս պահին ողջ են, այդ հարցում բավարար ապացույցներ չկան։

Ս. Սահակյանը հստակեցրեց, որ պաշտոնապես հաստատված 45 ռազմագերուց բացի ևս 80-ը պետք է իրականում հայրենադարձվեին Հայաստանին։

«Թե ինչու Ադրբեջանը չի հաստատում, որպեսզի նաև հայրենադարձվեին, կարող է երկու հանգամանքի արդյունք լինել՝ նախ՝  քաղաքական, որ դրանով պատասխանատվություն չի ստանձնում նոր քանակի անձանց ճակատագրի համար, երկրորդ՝ գերեվարված քաղաքացիական անձինք կամ ռազմագերիները ուղղակի խոշտանգվելով սպանվել են»,-ասել է նա:

Ս. Սահակյանը հայտնեց, որ Ադրբեջանում դատավարությունների մասնակից են դարձել հաստատված ռազմագերիները և այս պահին բոլոր ռազմագերիների մասնակցությամբ դատավարություններն ավարտված են, բոլորի առնչությամբ կա նշանակված պատիժներ, հիմնակում 4, 6,15, 20 տարի։

«Այս դատավարությունների միջով Ադրբեջանն, ըստ էության, ցուցադրում է, որ նրանք պատիժ կրող ռազմագերիներ են, որոնց չվերադարձնելու առումով  պետությունն ունի իրավական հիմքեր և սպառնում են, որ մինչև պատժի ժամկետի լրանալն ունեն մեր ռազմագերիներին չվերադարձնելու օրինական հիմքեր»,- ասել է Սահակյանը։ 

Panorama.am