«Դիփ խափում ինք ու խափվում»

89

Իրանագետ Գրիգոր Առաքելյանի էջից, –

Խաբելը պաշտպանական միջոց է՝ բնության կողմից կենդանական աշխարհի ներկայացուցիչներին   տրված  շնորհ։  Կատվի հետապնդումների պատճառով  հալածյալ մուկը դիմում է սուտմեռուկի հնարքին՝ իր կյանքը փրկելու համար։ Իրենց գոյությունն աննկատ դարձնելու համար մողեսների ընտանիքին պատկանող  սողունները (և ոչ միայն սողունները)   փոխում են մաշկի գույնը։ 

Սակայն, բնության մեջ բոլոր արարածների թագը համարվող  մարդը, խաբելը  հասցրել է կատարելության աստիճանի, քանի որ  նա խաբելու հնարքին դիմում  է ստեղծագործաբար։ Առևտրականների ու բիզնեսմենների մոտ խաբելու համար   հորինվել  է  «առևտրական գովազդ» արտահայտությունը։  Եթե գովազդը առևտրականի մոգոնած  սպառողին խաբելու միջոց է, ապա   առևտրականները միմյանց խաբելու  դեպքերի համար ստեղծել  են  «քցելու» ինստիտուտը։  

Խաբելու հատկությունը բնորոշ է  նաև սպորտսմեններին։ ֆուտբոլիստն իր խաբուսիկ շարժումներով   շեղում  է մրցակցի ուշադրությունն ու  շեղ հարվածով գնդակն ուղարկում   մրցակցի դարպասի ամենախոցելի հատվածը։

Խաբում են նաև բեմարվեստի մարդիկ։ Առաքինի  դերասանն  այնպիսի    վարպետությամբ  է    մտնում   մարդկային ամենավատ հատկանիշներով օժտված հանցագործի դերի մեջ, որ հանդիսատեսը երբեմն  ցանկանում է ոչնչացնել  նրան։

Խաբելու «արվեստը» կիրառվում է նաև իրավաբանության մեջ։ Որքան բարձր է փաստաբաններին վճարվող  հոնորարը,  այդքան շատ է կեղծ փաստերի  հրապարակման մոլուցքը։   

Բայց Խաբելը  մերժելի է դիվանագետներին  ու քաղաքական այրերին։ Եթե դիվանագետը կամ քաղաքական գործիչը  մեկ անգամ իր խոսքը կառուցի  կեղծ փաստերի վրա, եթե իր ելույթի մեջ օգտագործի հանրությանը մոլորեցնող  տվյալներ, ապա նա կկորցնի ոչ միայն իր խոսքի արժեքը, այլ նաև  վստահությունն ու հեղինակությունը։

Այսպիսով, եթե կենդանական աշխարհում  խաբելը  կոչվում է գոյապահպանություն, իսկ  բիզնեսում՝ առևտրական գովազդ,  եթե բեմարվեստում  խաբելը կոչվում է դերասանական վարպետություն, իսկ իրավաբանության մեջ՝ փաստաբանական հնարք,  ապա դիվանագիտության ու քաղաքականության մեջ  խաբելը պարզապես   կոչվում է «ԿՌՈՒՏԻՏ» անել։

Հ․Գ․  Չնայած «կռուտիտ անել»-ը հայերեն «ֆռռցնել» է նշանակում,  բայց կարծես ռուսերեն «կռուտիտ»-ը ավելի դիպուկ է ներկայացնում տվյալ կացությանը  բնորոշ պատկերը։