Այս պատկառելի արտաքինով ծերուկն Անրի Ֆիլիպ Բենոնի Օմեր Ժոզեֆ Պետենն է՝ Ֆրանսիայի մարշալն ու  Վերդենի ճակատամարտի հերոսը

78

Նարեկ Գալստյանի ՖԲ էջից, –

Այս պատկառելի արտաքինով ծերուկն Անրի Ֆիլիպ Բենոնի Օմեր Ժոզեֆ Պետենն է՝ Ֆրանսիայի մարշալն ու  Վերդենի ճակատամարտի հերոսը: «Վերդենի առյուծ»՝ այսպիսի տիտղոս նա ստացավ, երբ  իր սառնասրտության ու ռազմական տաղանդի շնորհիվ փրկեց  համարյա անհույս թվացող կռիվն ու պարտության մատնեց կայզերական զորքերին: Նրան պաշտում էին Ֆրանսիայում, համարում Առաջին աշխարհամարտի հերոս ու Ֆրանսիայի պաշտպան:

Իհարկե, մարշալ Պետենի կենսագրությունում մի «պզտլիկ նյուանս» կա: Հենց նրա անմիջական պահանջով 1940 թ-ի հունիսին անհաջողություններ կրող, սակայն մարտունակությունն ամբողջությամբ պահած Ֆրանսիայի բանակը դադարեցրեց դիմադրությունը, առանց մեկ փամփուշտ կրակելու հանձնվեց Փարիզը: Հունիսի 22-ին Կոմպենյենյան անտառում կնքվեց փաստացի կապիտուլիացիոն հաշտության պայմանագիր,  որը ենթադրում էր Ֆրանսիայի հյուսիսային և արևմտյան մասերի օկուպացիա: Ի դեպ, այս պայմանագիրը հատուկ կնքվեց Կոմպենյենյան անտառում, որովհետև 1918 թ-ին հենց այնտեղ կայզերական Գերմանիան հանձնվեց Անտանտայի երկրների ողորմածությանը: Ինչևիցե, Պետենը հասավ Ֆրանսիայի կապիտուլիացիային՝ հիմնական մեղքը գցելով Մեծ Բրիտանիայի վրա, որն, ըստ «Վերդենի առյուծի» պատշաճ չէր կատարել դաշնակցային պարտավորությունները (ծանոթ պատմություն է):

Նա տեղափոխվեց Վիշի քաղաք, որը փաստացի դարձավ Ֆրանսիայի վարչական կենտրոնը, ելույթ ունեցավ ռադիոյով ու պարտությունը բացատրեց «ժողովրդի և բանակի թափթփվածությամբ», կոչ արեց պատրաստվել «մտավոր և հոգևոր վերածնունդի»:  Ի դեպ, հետո, արդեն դատավարության ժամանակ, երբեմնի փառապանծ մարշալը նշում էր, որ «օժտվել է իշխանությամբ Ֆրանսիայի ժողովրդի կամոք»:

Ինչևէ, պատմությունն այլևս Պետենին չի հիշում իբրև «Վերդենի առյուծ», այլ կոլաբորացիոնիստ, որ ֆրանսիական պետությունը ծնկի բերեց Հիտլերի առջև: Ու պատմությունը Նապոլեոնից հետո իբրև երկրորդ մեծագույն ֆրանսիացի է հիշում գեներալ Շառլ դը Գոլին՝ ֆրանսիական փառապանծ դիմադրության շարժման առաջնորդին, որ ոտքի հանեց երկիրն ու անգամ պաշտոնապես հասավ նրան, որ գերմանական կապիտուլիացիայի մեջ մասնաբաժին ունեցավ:

Իմ հերոսը Շառլ դը Գոլն է, ոչ թե «ժողովրդի ընտրյալ» կոլաբորացիոնիստ Պետենը: