Հայոց Շուշիի հայկական տպարանները․ մաս 2

177

Միրզաջան Մահտեսի-Հակոբյանցի տպարան (1879-1900)

Մահտեսի-Հակոբյանցի տպարանը բացվում է 1879 թվականին։ Նույն տարում լույս է տեսնում ամերիկացի հայտնի պատմաբան, քիմիկոս Ջոն Վիլյամ Դրեպերի «Պատմութիւն մտաւոր զարգացման Եւրոպիոյ» ուշագրավ աշխատությունը (ըստ որոշ աղբյուրների գիրքը լույս է տեսել 1881 թվականին)։

Տպարանի ստեղծման և հետագա գործունեության մասին հետաքրքիր հուշեր է ներկայացրել Արցախի հրատարակչական գործին, և ընդհանրապես, մշակույթի պատմությանը քաջածանոթ Պետրոս Զաքարյանը․ «Կառավարական ապարատի օրավուր բարդացումը և ճյուղավորումը, հասարակական, դպրոցական, վաճառականական պահանջներն առաջ բերին տպարանի անհրաժեշտությունը։ Շուտով Բաքվից աքսորից վերադարձավ Մահտեսի-Հակոբյանցը, իր տան կից հատուկ շենքում հիմնադրեց տպարան, որտեղ աշխատում էին իր որդիները։ Նոր տպարանը բարգավաճում էր իր հիմնելու օրից։ Ի միջի այլոց այստեղ իր գրական մկրտությունն ստացավ մեր գրող Լեոն, որը տպարանի առաջին սրբագրողն էր․ այստեղ սկսեց իր հրատարակչական գործունեությունը Տիգրան Նազարյանը, հրատարակելով Սենկևիչի «Պոզնանի ուսուցչի օրագրից» պատմվածքը։ Այստեղ երիտասարդ վաչառական Աբել Ապրեսյանը կատարեց Րաֆֆու «Խենթի» առաջին տպագրությունը և այլն» (Նորք, 1922, N1, էջ 83, համարը՝ այստեղ)։ Նշենք, որ սա «Խենթ»-ի առաջին ամբողջական հրատարակությունն էր։

Իր «Խենթը» գործի Շուշիի տպագրության մասին Րաֆֆին հիշատակում է վերինագուլիսցի բարեգործ Մելքոն Փանյանին ուղղված նամակում․ «Շուշիից «Խենթի» առաջին թերթերը ուղարկել էին ինձ տեսնելու համար, թուղթը բավական լավն է և տպագրությունը մաքուր, երևում է, որ այնտեղի տպարանը այժմ փոքրիշատե կանոնավորված է» (Րաֆֆի, հատոր 10, 1964, էջ 548)։

Մահտեսի-Հակոբյանցի տպարանում են առաջին անգամ հայերեն հրատարակվում Գոգոլի «Տարաս Բուլբան», Մանուկ Աբեղյանը «Նմուշներ» բանաստեղծությունների ժողովածուն, «Դավիթ և Մհեր, ժողովրդական դյուցազնական վեպ» աշխատությունը, Ֆիրդուսու «Ռուստամ և Զոհրաբը»՝ Սամվել Գյուլզադյանի թարգմանությամբ և այլն։

Ըստ ամենայնի, 1896 թվականին հենց այս տպարանում է Երվանդ Լալայանի խմբագրությամբ լույս տեսնում «Ազգագրական հանդէսի» առաջին համարը, որն այնուհետև շարունակվում է Թիֆլիսում՝ Ռոտինյանցի տպարանում։

Մահտեսի-Հակոբյանցի տպարանը ոչնչանում է 1905 թվականին՝ Շուշիի հրդեհի ժամանակ։ Իր գոյության 25 տարիների ընթացքում այստեղ հրատարակվում է 54 գիրք և 1 հանդես։ Գրքերի ամբողջական ցանկն այստեղ։

Եղիսաբեթ Մ Մահտեսի-Հակոբյանցի տպարան (1901-1904)

Ենթադրվում է, Միրզաջան Մահտեսի Հակոբյանի դուստրն է, որը հոր տպարանում լույս է ընծայել 4 գիրք: Ցանկն՝ այստեղ։

Բագրատ Տեր-Սահակյանցի տպարան (1901-1917)

Տպարանի հիմնադիրը Շուշիի թեմական դպրոցի թվաբանության ուսուցիչ Տեր-Սահակյանցն է։ Ըստ որոշ աղբյուրների՝ տպարանն իր գործունեությունը սկսել է 1880-ական թթ․ վերջում՝ Մահտեսի-Հակոբյանցի տպարանին զուգահեռ։ Մինչև 1917 թվականն այստեղ լույս է տեսնում 20 գիրք և մեկ թերթ՝ «Փալյլակ» անվամբ։ Գրքերի ցանկն՝ այստեղ։

Մելքում Բաբաջանյանի տպարան (1910-1919)

Տպարանը գործել է «Շուշիի Թամիրյան փողոցի վրա գտնվող Յաղուբյանների տանը»։ Այստեղ է տպագրվել բժիշկ, հրատարակիչ Նիկողայոց Յարմիշյանի «Ղարաբաղ» գրական-հասարակական եռօրյա թերթը, որի փաստացի խմբագիրը Վրթանես Փափազյանն էր։ Թերթը հրատարակվել է 1911թ. սեպտեմբերի 13-ից մինչև 1912թ․ օգոստոսը (ընդհանուր 74 համար)։

Այստեղ են տպագրվել նաև «Կոկոն»,«Կռունկ»,«Ծիծաղ», ինչպես նաև ռուսերեն «Шушинская жизнь» պարբերականները և այլն։

Ի դեպ, 1917 թվականին, երբ հրատարակվում էր «Նեցուկ» թերթը,  տպարանն ուներ միայն մեկ աշխատակից՝ գրաշար-տպագրիչը։

Մելքում Բաբաջանյանի տպարանում հրատարակված գրքերի ցանկն այստեղ։

***

2009 թվականին հրատարակված «Դպրոցական մեծ հանրագիտարանում»՝ Շուշիին նվիրված հոդվածում, կարդում ենք․ «Ըստ քաղաքի նոր՝ 2007 թ-ի հատակագծի՝ նախատեսվում է Շուշին մինչև 2020թ. վերականգնել որպես Արցախի մշակութային կենտրոն»: 2020 թվականին ճակատագրի հեգնանքով հայկական Շուշին հռչակվեց որպես «Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք»։ Եվ այժմ, վստահաբար՝ ժամանակավորապես, գրավված Շուշին մեզ համար դարձել է դավաճանության ու վրեժի խորհրդանիշ՝ հույսով, որ մոտ ապագայում այն կրկին կդառնա Հաղթանակի խորհրդանիշ ու կվերականգնի իր երբեմնի դերը։

Արամ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Տե՛ս նաև՝ Հայոց Շուշիի հայկական տպարանները (մաս 1)