ԱՄՆ-ն ցանկանում է կանխատեսել իրադարձությունները «մի քանի օր առաջ»՝ ստեղծելով իսկական «Մեծ եղբայր»

82

Մենք իրապես հեռու չենք այն իրականությունից, որը գրեթե ոչնչով չի տարբերվի ժամանակակից (և ոչ միայն) գիտաֆանտաստիկ վեպերից։ Իսկ այդ իրականությունը ուղենշող ամենաառանցքային կետերից մեկը արհեստական բանականության զարգացումն է։ Ներկայումս աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրները հսկայական ֆինանսներ են ներդնում ԱԲ համակարգերի մշակման ոլորտում: Իհարկե, այժմ այս տեխնոլոգիաների զարգացման հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, սակայն մասնագետները համակարգված կերպով հաղթահարում են բոլոր խոչընդոտներն ու առաջ շարժվում:

Վերջերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ բանակի մասնագետները, «Փորձեր գլոբալ տեղեկատվական գերիշխանության համար» (Global Information Dominance Experiments, GIDE) ծրագրի շրջանակներում հաջողությամբ ավարտել են նոր ԱԲ համակարգի փորձարկման երրորդ փուլը։

Փորձի արդյունքներն, իհարկե, անհայտ են, զինվորականները միայն հայտնել են իրադարձության բուն փաստը, դրա վերաբերյալ չնչին մանրամասներ և ներկայացրել են բուն նպատակը: Իսկ նպատակը հետևյալն է` մշակել տեղեկատվական այնպիսի համակարգ, որը թույլ կտա կանխատեսել ապագա հավանական իրադարձությունները, օպերատիվ իրավիճակի զարգացումը, ընդ որում ԱԲ-ն այս կանխատեսումները կկատարի իրադարձությունների տեղի ունենալուց ընդամենը մի քանի օր առաջ։ Իրականում, թե որքան հեռու են գնացել ԱՄՆ բանակի մասնագետները արհեստական բանականության ոլորտում, և ինչ արդյունքներ սպասել դրանից՝ միայն ենթադրել կարելի է։

Այսպիսով։ Արհեստական բանականությունը կանխատեսումներ կատարելու համար կօգտագործի հսկայական ծավալով տեղեկատվություն․ նախ՝ բանակին հասանելի ամբողջ տեղեկատվությունը՝ արբանյակային պատկերներ, հետախուզական զեկույցներ, եղանակային պայմանների վերաբերյալ տվյալներ և այլն։ Բացի այդ կօգտագործվեն նաև մասնավոր «անանուն» ընկերությունների տրամադրած տվյալները։ Սա կարելի է մեկնաբանել որպես ՏՏ կորպորացիաների ռեսուրսների օգտագործում, ինչպիսիք են, օրինակ, Amazon-ը, Google-ը, Microsoft-ը և այլն։ Մանրամասն տվյալներ կհավաքվեն նաև սոցիալական ցանցերում տիրող տրամադրությունների վերաբերյալ։ Իհարկե, դա չի կարող լինել առանց ամպային տեխնոլոգիաների օգտագործման:

Յուրաքանչյուր խոշոր ռազմական գործողության շրջանակներում ԱՄՆ զինված ուժերի վերլուծական ստորաբաժանումները կազմում են մասնագետների հատուկ խմբեր, որոնց խնդիրը կարճ ժամանակահատվածում հետախուզական և այլ տվյալների ուսումնասիրության ու վերլուծության արդյունքում իրադարձությունների զարգացման տարբերակների կանխատեսումն է։

Այժմ բանակը ցանկանում է ընդլայնել իր տեսադաշտն ու ավելի ստույգ կանխատեսել հնարավոր իրադարձությունների զարգացումը՝ մի բան, որը դուրս է մարդկային հնարավորություններից և հասանելի է միայն արհեստական բանականությանը։

Ըստ հրապարակված տվյալների, մոտ ապագայում սպասվում է տեխնոլոգիայի չորրորդ փորձարկումը, որի ընթացքում, ամենայն հավանականությամբ, նոր տեխնոլոգիան կգործի իր ամբողջ հնարավորությամբ և կտա Պենտագոնի համար ցանկալի արդյունք։

Ջորջ Օրուելի «1984» վեպում ներկայացված անտեսանելի «Մեծ եղբայրը», կարծես թե, իրականություն է դառնում՝ և նույնիսկ ավելի վատ։ Այդպիսի իրականության մեջ անձնական գաղտնիության ու անկանխատեսելի իրադարձությունների մասին խոսելն արդեն ծիծաղելի կլինի։ «Մեծ եղբայրն» ամենուր է՝ բջջային հեռախոսներից մինչև ամպային պահուստներ (Cloud Storage), փողոցներում յուրաքանչյուր քայլափոխի հանդիպող տեսախցիկներից մինչև արբանյակներ։

Ինչպես ասում են, «ով տիրապետում է ինֆորմացիային, նա տիրում է ողջ աշխարհին»։

Արամ ԽԱՉԱՏՐՅԱՆ