Որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են «ԺՈՂՈՎՐԴԻ» անունը. Թումանյան

271

Հովհաննես Թումանյան

Խոսքն ինչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովուրդով»: Ժողվուրդն այդպես է կամենում․․․

«Ժողովուրդը մեզ հետ է․․․ Ժողովուրդը ձեզ կդատի․․․ Ո՞ւր ես, ժողովուրդ, անարգում են քեզ․․․»

Այդ հերիք չէ դեռ: Ժողովուրդն էլ են կործանում․․․

Իրենց մարդկանցից ոմանց հանդես են բերում կեղծ ստորագրություններով, անգրագետներին իրենց շինած հոդվածներով ու ներկայացնում որպես ժողովուրդ:

– Տեսե՜ք, ժողովուրդը մեզ հետ է։

Դե եկեք ու ջոկեցեք իսկականը կեղծիքից։

Սրանք ոչինչ չեն սիրում, այլ ցույց են տալիս, թե սիրում են:

Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, և ահա, մեր կյանքը ավելի նման է թատրոնական բեմի, ու այդ բեմը թեև փոքր, բայց, տեսեք, ո՜րքան դերասաններ ունի․․․

Իրենց վրա առած զանազան դերեր՝ նրանք մտել են ու խաղում են այս կամ այն ասպարեզում:

Ահա սա՝ ներկայանում է ամեն տեղ որպես չհասկացված ու հալածված գաղափարական գործիչ, մյուսը նշանավոր հերոս է խաղում, երրորդը հրապարակախոսություն է սարքել, չորրորդը բարեգործ է ձևանում, հինգերորդը գրող է կեղծում, վեցերորդը հանդիսանում է արդեն որպես նահատակ, յոթերորդը գալիս է որպես դատավոր, ամենքին մեղադրելու և ամենքից հաշիվ ուզելու․․․

Ու բնականաբար, չնայելով այսքան շատ գործիչների ներկայությանը, դուք զզվում եք, որ ցուրտ է, որովհետև չկա անկեղծության ջերմությունը, զգացմունքի հուրը, որովհետև նրանք խոսում են լեզվով, իսկ սիրտները շատ է հեռու, և զզվում եք վերջապես:

Սրանք ոչինչ չեն սիրում, այլ ցույց են տալիս, թե սիրում են:

Եվ ինչպես դերասանն ունի իր դերը, որ տանում է, իսկական գործիչն ունի իր խաչը, որ կրում է, սրանք էլ, այս կամ այն գործին կպչելով, փոխանակ գործի ծանրության տակ մտնելու և տանելու, իրենք են բարձրանում, հեծում նրա վրա ու շինում են իրենց էշը:

Եվ այս դերասաններից ամեն մեկն ունի իր էշը, ու միշտ էլ իր էշն է քշում, թեկուզ աշխարքը քանդվի:

Հովհաննես Թումանյան