Գիտնականներին հաջողվել է պարզել հռոմեական հասարակության սննդակարգը

78

Մարդաբանական գիտնականները ոսկորների մնացորդների օգնությամբ օգտագործված սնունդը որոշելու միջոց են հայտնաբերել: Իզոտոպային մեթոդն օգտագործվել է այն բնակիչների ոսկորները ուսումնասիրելու համար, ում չէր հաջողվել փախնել  մ.թ. 79 թվականին Հերկուլանում Վեզուվ լեռան ժայթքման ժամանակ, հաղորդում է Planet-today-ը՝ վկայակոչելով Science Advances-ը:

Մարդաբանները Բրիտանիայից (Յորքի համալսարանի կենսաարխեոլոգիայի կենտրոն), ԱՄՆ-ից եւ Իտալիայից եզակի հնարավորություն ունեցան վերստեղծել Վեզուվի ժայթքման զոհերի ապրելակերպն ու սննդակարգը: Աղետը սկսվել էր մ.թ. 79 թ. օգոստոսի 24-ի կեսօրին: Հերկուլանեմ քաղաքի բոլոր բնակիչները փորձել են փրկվել, սակայն կենդանի թաղվել են մոխրի եւ բեկորների տակ: Այս հետազոտությունների ընթացքում պեղվել է ընդհանուր 340 մարդ: Սա բնական աղետի զոհերի ամենաողբերգական ու միաժամանակ եզակի կուտակումն է:

Հանրային հետաքրքրությունն այս գաղտնիքի նկատմամբ դրդել է հետազոտողներին պարզել, թե ինչ էին ուտում այստեղ ապրող մարդիկ: Դա անելու համար նրանք օգտագործել են ամինաթթուների իզոտոպային նիշերը զոհերի ոսկորների կոլագենից՝ կիրառելով բեյեսյան մոդելները: Հետազոտության համար վերցվել են 17 մեծահասակի ոսկորներ: Հասկանալով սպիտակուցի սինթեզի գործընթացը՝ գիտնականները կարողացան միանշանակ եզրակացություններ անել նրանց սննդակարգի վերաբերյալ: Սա նոր եւ ավելի ճշգրիտ հայտնագործություն է հռոմեական հասարակության կողմից օգտագործվող մթերքների վերաբերյալ, քանի որ այս մեթոդը հիմնված է ստացված ամինաթթուների վերլուծության վրա, որոնք ձեւավորվել են տեղի բնակիչների օրգանիզմում նյութափոխանակության արդյունքում:

Տղամարդկանց եւ կանանց կողմից օգտագործվող սնունդը զգալիորեն տարբերվում էր: Դա արտացոլվում էր ոչ միայն սննդակարգի բնույթի, այլեւ՝ դրա համամասնության վրա: Այդպես, տղամարդիկ ավելի շատ ձուկ ու հացահատիկային արտադրանք էին ուտում, իսկ կանայք՝ միրգ եւ կաթնամթերք: Դա, հավանաբար, պայմանավորված էր տեղի բնակիչների ապրելակերպով, կարգավիճակով եւ մշակութային պատկանելությամբ:

News.am