Ուղերձ հայկական ինքնության համար կռվող պարտիզաններին․

123

Լրագրող, փորձագետ Նաիրի Հոխիկյանի գրառումը, –

Մենք միշտ համարվել ենք արմատականներ, կամ մեզ հեգնանքով անվանել են «հայու գենի» կրողներ։ Մարդիկ, որոնք երբևէ չեն հասկացել, թե ինչ է նշանակում ազգային ինքնության գիտակցում և հայկականություն, միշտ ծաղրել և ծաղրում են հասկացողներին։

Այսօր, երբ հայկական ինքնությունից հազարավոր կիլոմետրեր հեռու մարդիկ որոշում են հայկական պետության ճակատագիրն ու մեծ արագությամբ մեզ գլորում դեպի անդունդ, մեր դեմ ավելի մեծ գրոհի են անցել, քանի որ մեր գոյությամբ ավելի պարզ են երևում նրանց չհայությունը և ազգային, բարոյական տկարությունը։

Սիրելի եղբայրներ և քույրեր, ես հատուկ եմ մեզ նմաններին կոչում հայկական ինքնության համար կռվող պարտիզաններ, քանի որ մենք ստիպված ենք հայրենիքի, պետականության ու սահմանների անվտանգության, ազգային ինքնագիտակցության կռիվ տալ ոչ միայն արտաքին թշնամու, այլև ներքին ապազգայինների դեմ։ Մենք կռվում ենք մի քանի ճակատով ու հաճախ ստիպված ենք պաշտպանվել անգամ այն հայրենակիցներից, ում բարօրության համար ենք զոհաբերում մեր ճակատագրերը։

Մենք թիրախում ենք, քանի որ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները մեզ վարկաբեկում ու հետապնդում են անընդհատ ու ամենուր։ Նրանք շատ են, իսկ մենք՝ քիչ։ Նրանց ազդեցությունը հայ հանրության վրա մեծ է, նրանք կարողանում են վատ տեղեկացված հայերին համոզել այն, ինչը բերելու է պետականության քայքայման ու վերացման։

Նրանք իրենց աթոռների ու պաշտոնների համար պատրաստ են հոշոտել հնամենի հայ ազգի ամբողջ մշակույթն ու արժեքները, պատրաստ են կրկին քիրվայություն անել թշնամու հետ՝ կրկին չհասկանալով, որ թշնամին կրկին օգտագործելու է իրենց ու կրկին ոչնչացնելու է դաժանաբար։

Մենք՝ հայկական ինքնության համար կռվող պարտիզաններս, հաճախ ենք թևաթափ լինում հայկական իրականության այսօրվա ողբերգական վիճակից, առավել շատ թևաթափ ենք լինում հանրության մեջ տիրող տրամադրություններից։ Բայց մենք հանձնվելու իրավունք չունենք, մենք չենք կարող թևաթափ լինել հանուն մեր պապերի, մեր հայրերի, հանուն այն արյան, որ Հայկ Նահապետից եկել ու այսօր հոսում է մեր երակներում։

Լուսահոգի հայրս մի անգամ երազումս ասաց․ «Կորստի դառնությունը փոխվում է արժանապատիվ ժպիտի, երբ գիտակցում ես, թե ում արյունն է հոսում երակներումդ»։ Ես խոնարհաբար կատարում եմ հորս պատգամը՝ կուլ տալով բոլոր դառնությունները, դիմանալով Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների բոլոր հետապնդումներին, չպատասխանելով հանրության մեջ ներարկվող սադրանքներին ու իմ մասին հետևողականորեն տարվող բամբասանքներին։

Հայկական ինքնության համար կռվող պարտիզաններ, մի հանձնվեք։ Մենք դեռ կանգնելու ենք հզոր պետականության բարձունքում ու ժպիտով ենք հիշելու այսօրվա դառնությունները։ Ես վստահ եմ, ես գիտեմ, որ ամեն ինչ լավ է լինելու։

Միայն թե չհանձնվենք։ Մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում, իսկ հայերը հանձնվող տեսակ չեն․․․