«Իրանը վճռական է տրամադրված ՌԴ-ի հետ համագործակցության համաձայնագիր կնքելու հարցում»

122

Իրանի իշխանությունները շահագրգռված են Ռուսաստանի հետ համապարփակ համագործակցության պայմանագրի կնքմամբ, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ:

«Մենք լրջորեն տրամադրված ենք հնարավորինս արագ ավարտին հասցնել Իրանի և Ռուսաստանի միջև համապարփակ համագործակցության փաստաթղթի [ստորագրման] հարցը», քաղաքական գործչի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը: Ռաիսիի խոսքով՝ իրանական կողմը «ձգտում է վերացնել հարաբերություններում առկա խոչընդոտները, բացել համագործակցության նոր էջ և հաստատակամ է Ռուսաստանի հետ առևտրի շրջանառությունը մեծացնելու հարցում»:

Իրանի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին Թեհրանի` Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալու գաղափարին աջակցելու համար: Նրա խոսքով՝ «այդ գործողությունները ամրապնդում են երկրների սերտ հարաբերությունները», հայտնում է ՏԱՍՍ-ը: