ԹՄՄիությունը վերսկսում է ամենամյա մրցանակաբաշխության գործընթացը

93

[202103023.jpg]

Երկու տարվա դադարից հետո, Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը հայտարարում է 2019-2020 թվականների ստեղծագործությունների ամենամյա հերթական մրցանակաբաշխությունը: Այն իրականացվում է 1990-ականների կեսերից, բացառությամբ վերջին երկու տարիների,ինչին խանգարեց համավարակը: Այս տարի մրցանակաբաշխությունը իրականացվելու է թվով վեց` գրականություն, կերպարվեստ, թատերական արվեստ, հայագիտություն, լրագրություն, գեղարվեստական լուսանկարչություն անվանակարգերում: Յուրաքանչյուր անվանակարգի հաղթողին կտրվի 1500 դոլարին համարժեք ՀՀ դրամ: Դրամական պարգեւները տրամադրելու է Թեքեյան մշակութային միության Մ. Նահանգների եւ Կանադայի Կենտրոնական վարչության “Շաքե Ղազարյան” հիմնադրամը:

Հայաստանի ԹՄՄ վարչության նախագահ Ռուբեն Միրզախանյանի խոսքով մրցանակաբաշխության գլխավոր նպատակը մշակույթի ասպարեզում գործունեություն ծավալողներին խրախուսելը եւ որոշակի հնարավորություններ ստեղծելն է, մասնավորապես այն դժվար պայմաններում, որում այսօր մեր երկիրը գտնվում է:

Մրցույթի մասնակիցների հեղինակած աշխատանքների ընդունումը մեկնարկում է օգոստոսի 20-ից եւ տեւելու է շուրջ մեկ ամիս` մինչեւ սեպտեմբերի 20-ը: Աշխատանքները պետք է ներկայացվեն Հայաստանի Թեքեյան մշակութային միության գրասենյակ, ժամը 11-00-ից մինչեւ 16-00, բացառությամբ շաբաթ եւ կիրակի օրերի:

Աշխատանքների ընդունման վերջնաժամկետից հետո, իրենց գործում փորձառու եւ ճանաչված մասնագիտական ժյուրիի անդամները կկատարեն աշխատանքների համապատասխան վերլուծություն եւ կորոշեն հաղթողներին:

Թեքեյան մշակութային միության մրցանակակիրներ են եղել այնպիսի մարդիկ, ինչպիսիք են օրինակ` Սիլվա Կապուտիկյանը, Ջիվան Գասպարյանը եւ մեծանուն այլ հայեր: Սակայն եղել են դեպքեր, երբ մրցանակը բաժին է հասել երիտասարդ ստեղծագործողների, որոնք հետագայում լավագույնս են դրսեւորել իրենց: Տարիքային առումով եւ սեռային պատկանելիության տեսակետից նախապատվություններ չեն լինում:

“Թեքեյան մրցանակաբաշխության գլխավոր նպատակը` աշխատանքը գնահատելը եւ խրախուսելն է”,- նշում է Ռուբեն Միրզախանյանը: Վերջինիս խոսքով այս մրցանակաբաշխությանը մասնակցում են ինչպես հայաստանցի, այնպես էլ սփյուռքում ապրող արվեստագետներ:

Երկար տարիներ ի վեր ամեն տարի անցկացվող այս մրցանակաբաշխությունը արդեն մեծ ճանաչում ու հեղինակություն է վայելում եւ մշակութային մրցանակաբաշխությունների մեջ գրավել է իր արժանի տեղը: Սրան նպաստում է նաեւ այն հանգամանքը, որ Թեքեյան մշակութային միության վարչությունը ժյուրիի մասնագիտական կարծիքի որոշման եւ գնահատանքի վրա ոչ մի կերպ ազդեցություն չի ունեցել :

“Լինում են դեպքեր, երբ ստեղծագործողը մրցանակակիր դառնալուց տարիներ հետո, ներկայացնում է իր ստեղծած մի նոր աշխատանք: Այս տարիների ընթացքում չենք հանդիպել բացասական կարծիքների մրցանակաբաշխության անցկացման բովանդակային մասի վերաբերյալ: Կարելի է ասել, որ իր պահանջների տեսակետից մրցանակաբաշխությունը շատ դեմոկրատական եւ արդար է”,- նկատում է Ռուբեն Միրզախանյանը: ԳԵՎՈՐԳ ՄՈՂՐՈՎՅԱՆ