Մենք «դատվում» ենք սխալ մտածելակերպի համար. քաղաքագետ

90

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել է.

«Ճգնաժամը, կամ ճգնելու ժամը, հին հունարեն անվանվում էր կրիզիս (κρίσις), եթե բառացի թարգմանենք, դա կնշանակի դատաստան: Այսպես, կրիզիսը դատաստան է։ Իսկ ինչի համար են, առհասարակ, որեւէ մեկին դատում, բնական է, անցյալի սխալների համար։

Հիմա Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամ է, այսինքն եկել է դրա համար մեր բոլորիս դատաստանի՝ կրիզիսի ժամանակը եւ մենք «դատվում» ենք սխալ մտածելակերպի համար։ Իսկ որոնք ենք անցյալի սխալ (իմ լավատեսությունն է ստիպում ասել «անցյալի») պատկերացումները, փորձենք հասկանալ․

90-ականների սկզբից կար պատկերացում, որ մեր խնդիրը Արցախն է, եթե չլիներ այդ հարցը, ապա մենք Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կկարողանանք բարիդրացիական հարաբերություններ ստեղծել, անգամ Ցեղասպանության համար էլ ենք մենք մեղավոր եղել, մեզ սխալ ենք պահել ու 2018-ին այդ հոսանքը Հայաստանում հաղթեց։ Ինչպես տեսնում ենք, Արցախի երկրորդ պատերազմից հետո էլ դա չի ստացվում ու չստացվելու պատճառը հայերի ու թուրքերի գենետիկ անհամատեղելիությունը չի, այլ աշխարհաքաղաքական դասավորվածությունը, մենք թուրքական աշխարհի ճանապարհին ընկած քար ենք ու խանգարում ենք նրանց «երթեւեկությանը», մյուս կողմից դա մեր աշխարհաքաղաքական նշանակությունն է (եթե դրա պատճառով որեւէ մեկին հետաքրքրենք), ուզենք դա, թե չուզենք։ Նաեւ հակառակը, եթե որեւէ մեկին հետաքրքրի թուրքական աշխարհի գոյությունը որեւէ երրորդ կողմի համար մարտահրավեր ստեղծելու համար, այդ դեպքում մենք կդառնանք նրա աշխարհաքաղաքական զոհը, ինչը տեսանք վերջին պատերազմի ժամանակ։

Մյուս պատկերացումն այն էր, որ կան բարի ու մարդասիրական երկրներ՝ բարձր արժեքներով առաջնորդվող «միջազգային հանրություն», որոնք թույլ չեն տա նոր ցեղասպանություններ, որովհետեւ աշխարհը փոխվել է ու 21-րդ դարում դա անհնարին է, սակայն իրական աշխարհում կան կոնկրետ շահեր եւ եթե մեկը մեզ օգնելու է, ապա նախ պետք է ունենա կոնկրետ շահ, կանկրետ հնարավորություններ ու դրա համար անհրաժեշտ կամք ու ռեսուրսներ,

Ներքաղաքական կյանքում կար պատկերացում, որ քաղաքականության մեջ կան «լավ» ու «վատ» մարդիկ ու վատ մարդկանց պետք է հեռացնել ու իշխանության բերել լավ մարդկանց ու եթե լավ մարդուն, օրինակ, մարզային լրագրողին նշանակեն մարզպետ, կամ ջրային տնտեսության պետ, ապա ամեն ինչ լավ կլինի, այսինքն կրթական, մասնագիտական ցենզի ու կառավարման փորձի բացակայությունը երկրորդական է։ Այս մտածողության հետեւանքները տեսնում ենք։

Այնպես չի, որ հիմա այս պարզ ճմարտությունները մեր հասարակությունը հասկացել է ու հետեւություններ արել, նաեւ այնպես չէ, թե այս ամենը սկսվել է 2018-ին ու մինչ այդ ամեն ինչ այլ կերպ էր։

Հիմնական խնդիրն այն է, թե արդյոք մենք գոնե հիմա այս պարզ ու բնական ճշմարտությունները հասկացել ենք, թե դեռ ոչ»։