«Մեր առաքելությունը պետք է ուղղված լինի ահաբեկչության դեմ պայքարին, ոչ թե ապստամբների դեմ պայքարին կամ պետություն կառուցելուն»․ Բայդեն

107

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է քննադատության ենթարկվել Աֆղանստանից ԱՄՆ զորքերը դուրս բերելու որոշման համար, սակայն պնդում է, որ այդ քայլը ճիշտ է:

«Ես նախընտրեցի ընդունել այս բոլոր քննադատությունները, քան այդ որոշումը փոխանցել ԱՄՆ մեկ այլ նախագահի», ասել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը Սպիտակ տանն իր ելույթի ժամանակ: Բայդենը նշել է, որ ինքն ու իր օգնականները «ուշադիր հետեւել են Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններին»:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն Աֆղանստանում իրագործել է «Ալ-Ղաիդա» ահաբեկչական ցանցի դեմ պայքարի իր նպատակները: Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն 10 տարի առաջ ոչնչացրել է ահաբեկչական ցանցի առաջնորդ Ուսամա բեն Լադենին:

«Մեր միակ կենսական ազգային շահը Աֆղանստանում այսօր մնում է այն, ինչ միշտ եղել է՝ կանխել Ամերիկայի վրա ահաբեկչական հարձակումը: Ես արդեն տարիներ շարունակ ասում եմ, որ մեր առաքելությունը պետք է ուղղված լինի ահաբեկչության դեմ պայքարին, այլ ոչ թե ապստամբների դեմ պայքարին կամ պետություն կառուցելուն», ասել է Բայդենը: