Աֆղանստանում ՄԱԿ-ի աջակցության հարցերով ներկայացուցիչը նախազգուշացնում է երաշտի պատճառով սովի մասին

96

«Թալիբան» շարժումը հավաստիացրել է ՄԱԿ-ին, որ այն կարող է շարունակել մարդասիրական աշխատանքը երաշտից տուժած Աֆղանստանում, հայտարարել է երկրում ՄԱԿ-ի աջակցության հարցերով բարձրաստիճան պաշտոնյան:

Աֆղանստանում ՄԱԿ-ի մարդասիրական օգնության հարցերով համակարգող Ռամիզ Ալեկպերովը Reuters-ի հետ հարցազրույցում արեւմտյան դոնորներին կոչ է արել շարունակել իր աշխատանքի ֆինանսավորումը մի երկրում, որտեղ 18.5 միլիոն մարդ՝ բնակչության գրեթե կեսը, կախված են կենսական կարեւորություն ունեցող այս օգնությունից:  

Ալեկպերովի խոսքով՝ մինչեւ 5 տարեկան աֆղանստանցի երեխաների կեսն արդեն տառապում է թերսնուցումից, քանի որ չորս տարվա ընթացքում սա երկրորդ երաշտն է երկրում:

«Դուք ունեք տեղաշարժի կոմբինացված ազդեցություն՝ տեղաշարժ պատերազմի եւ ռազմական գործողությունների պատճառով եւ տեղաշարժ երաշտի ու ծանր տնտեսական պայմանների պատճառով», – ասել է նա:

Նա հայտնել է, որ այս տարի մոտ 600 հազար աֆղանստանցիներ լքել են իրենց տները` աղքատությունից եւ ռազմական գործողություններից խուսափելու համար: Ոմանք վաճառել են իրենց օրգանները կամ ամուսնացրել իրենց երեխաներին`գոյատեւելու համար, ասել է նա:

Ներկայումս ՄԱԿ-ի համար հասանելի են Աֆղանստանի 401 շրջաններից 394-ը:

Nes.am