Մազոխի՞ստ եք, ինչո՞ւ եք ստում ԵՊՀ արևելագիտության դեկանի մասով. Մամիջանյանը՝ Ալեքսանյանին

46

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը խորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարել է, թե «ԵՊՀ արևելագիտության դեկանը, ով «Հայաստան» դաշինքով թեկնածություն էր առաջադրել, իրեն մի քանի անգամ հորդորել է չքննադատել նախագահին, որպեսզի այդ երևույթը չազդի իր առաջադիմության վրա»։ 

Այս ելույթին արձագանքեց «Պատիվ ունեմ» դաշինքի քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ նշելով. 

«Մեր որոշ իշխանական թևի ներկայացուցիչներ տառապում են մազոխիզմով։ Պարոն Ալեքսանյան, Դուք մեղմ ասած գնահատում եք ձեր դերը Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում։ Դուք պարզապես ստում եք, որովհետև դուք արտերկրում եք եղել, երբ ձեր ֆակուլտետի դեկանը նշանակվել է դեկան։ Բայց նաև այլ ինֆորմացիա հասցրեցինք ստանալ, որ ձեր դիպլոմային աշխատանքը պաշտպանել եք մինիմալ միավորով՝ այն էլ ոնց որ թե կարգի որոշակի խնդիր կար էնտեղ, որովհետև ժամկետները ուշացրել եք», – հայտարարեց Մամիջանյանը։ 

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ, պարբերաբար հախուռն և աղմկահարույց ելույթներով աչքի ընկնող Վահագն Ալեքսանյանն ի նկատի ունի նույն ֆակուլտետի դեկան, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանին, ով, ի դեպ, իսկապես սկսել է ղեկավարել ֆակուլտետն այն ժամանակ, երբ նույն Ալեքսանյանը մեկնել էր Հորդանան սովորելու։ Ալեքսանյանի վերադարձել է արտերկրից 2018 թ-ի մայիսին, երբ իր իսկ մատնանշած նախագահը (Սերժ Սարգսյանը – խմբ.) արդեն հրաժարական էր տվել, ու երկրում տեղի էր ունեցել իշխանափոխությունը։ 

24News-ին, սակայն, այլ հետաքրքիր մանրամասներ հայտնի դարձան։ Ալեքսանյանը մեկ անգամ հեռացվել է ԵՊՀ-ից ցածր առաջադիմության պատճառով ու վերականգնվել իբրև ուսանող որոշակի միջամտություններից հետո։ Ի դեպ, ըստ ֆակուլտետի մեր աղբյուրների, նույն Ալեքսանյանն իր ողջ ուսումնական գործընթացի ժամանակ աչքի է ընկել բավական ցածր առաջադիմությամբ, իսկ դիպլոմայինի պաշտպանությանը կարողացել է մասնակցել կրկին «հատուկ թույլտվությունից» հետո այն պարզ պատճառով, որ ուշացրել էր ժամկետները։ Ինչևիցե, մեր խմբագրությունը լրագրողական հարցում կուղարկի ԵՊՀ՝ ստանալու ավելի հստակ պատասխաններ։