Մի որակյալ տեքստի հետքերով

92

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ՖԲ էջից, –

• Վերջերս գաղափարապես որակյալ տեքստերը մեզանում քչացել են, իսկ եթե ինձ բնորոշ իրատեսությամբ արտահայտվեմ, գրեթե չկան։ Այս առումով ուրախալի բացառություն էր նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը (https://www.youtube.com/watch?v=PDTm0hVRM6o), որն ամբողջությամբ կառուցված էր հայոց անկախ պետականության գաղափարի շուրջ։ Իրոք, 1988 թ․-ի շարժման «բարեհաջող» մսխումից հետո, որի համար «պարտական ենք» 1990-ականների ղեկավարությանը, և արդեն 2018 թ․-ի «թավշյա հեղափոխություն» կոչված փուչիկի պայթելուց հետո հայությունն ամբողջությամբ մնացել է առանց միավորող գաղափարի ու նպատակի։ Եթե դա չլինի անկախ պետականության գաղափարը, և կորցնենք նաև պետությունը, ապա հետո ստիպված ենք լինելու արդեն մի մակարդակ ներքև իջած՝ հիմնավորել առհասարակ հայրենիք ունենալու կարևորությունը և պայքարել հայրենիքի գաղափարի ու հայրենիքի ազատագրության համար։

• Տպավորիչ էր նաև 21-րդ դարում փոքր պետությունների, մանավանդ՝ Հայաստանի առջև ծառացած գոյաբանական խնդրի ֆիքսումը։ Անձամբ իմ կարծիքով 21-րդ դարավերջին բազում փոքր ազգային պետություններ դադարելու են գոյություն ունենալ, և Հայաստանն այդ «վտանգված տեսակների» ցանկում է։

• Այս երկու հայեցակարգային կետերի թվարկումից հետո ուշագրավ է նաև առաջարկված լուծումը, որը ներկայացնում եմ կից։ Դա նոր սերնդի ազգային-պետական դասի գոյացումն է, որի անհրաժեշտության մասին վարդապետում ենք նաև մենք՝ Հայկական նախագիծ / Armenian Projectը։ Ճիշտ է մատնանշվում նաև ուղին՝ ազգային դպրոցների ստեղծումը, որտեղից դուրս կգա նոր ազգային դասը, ինչպես խորհրդահայ ինստիտուտներից դուրս եկավ առաջին էլիտան և «քաղաքացիական հասարակություն» հորջորջվող նեոգաղութատիրական ցանցից դուրս եկավ ներկայիս դրածո էլիտան։

Հ․Գ․ Սփյուռքի՝ մեր ինքնության մասնիկը լինելը նույնպես կարևոր կետ է, բայց դրան ապագայում առանձին կանդրադառնամ՝ բացատրելով նաև 2018 թ․-ից սկսյալ՝ դրածո էլիտայի հակասփյուռքային քաղաքականության պատճառները։