Արշակ Կարապետյանը ո՞ր զինվորից է հարցրել, որը միացել է Փաշինյանի շնորհավորանքին

68

Նիկոլ Փաշինյանի ՊՆ այցի ժամանակ Պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանը շնորհավորել է նրան՝ մասնավորապես ասելով. «Թույլ տվեք բոլորիս անունից՝ սկսած զինվորից, վերջացրած նախարարից, շնորհավորել Ձեզ վարչապետի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելու և մեր ժողովրդից ստացած մանդատի կապակցությամբ»:

Հետաքրքիր է` թե երկու օր ՊՆ պաշտոնը ստանձնած Արշակ Կարապետյանը ինչպե՞ս է հասցրել ճշտել, թե զինվորը ուրախ է, մի բան էլ շնորհավորում է Փաշինյանին:

Արդյո՞ք հարցրել է այն զինվորին, որի պաշտպանած դիրքը պատերազմից ամիսներ անց այդպես էլ չկահավորվեց, և թշնամին անարգել առաջ եկավ և դիրքավորվեց, այն զինվորին, ում արգելում էին կրակել, երբ թշնամու զինվորները մեր սահմաններին անում էր ինչ ուզում էր, այն զինվորին, որի ծառայակից ընկերները գերի ընկան: Վերջապես այն զինվորը, որ հիմա գերության մեջ է, արդյո՞ք ներել է և պատրաստ է մի քանի ամիս ավել գերության մեջ մնալ, ինչպես ասում էր Փաշինյանը:

Իհարկե՝ էլ չենք խոսում այն զինվորի մասին, ով պատերազմի օրերին ավելի շատ բան էր տեսնում, քան գլխավոր գերագույն հրամանատարի ռազմահայրենասիրական լայվերն ու ելույթները, այն զինվորը, որը այդպես էլ չհասկացավ, թե ինչու են իրեն նահանջի հրաման տալիս, արդյո՞ք այդ զինվորը շարունակում է Նիկոլ Փաշինյանին ընդունել որպես գլխավոր գերագույն հրամանատար:

Չմոռանանք նաև, որ ամիսներ առաջ Գլխավոր շտաբը պահանջում էր Փաշինյանի հրաժարականը, այդ հայտարարության տակ ստորագրել էին մի շարք բարձրաստիճան սպաներ, որոնցից շատերը շարունակում են ծառայել բանակում, արդյո՞ք Արշակ Կարապետյանը հարցրել է նրանցից՝ միանո՞ւմ են շնորհավորանքին:

Կարծում ենք՝ Արշակ Կարապետյանը ճիշտ կաներ այս բոլոր զինվորներից հատ առ հատ հետաքրքրվեր, նոր նրանց անունից խոսեր։ Չնայած երևի պատասխանը պարզ է: