Ֆրանսիան սպասում է Երևանի որոշմանը. Կայծ Մինասյան

76

«Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հայտարարությունները պետք է մանրազնին վերլուծվեն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ֆրանսաբնակ քաղաքական վերլուծաբան Կայծ Մինասյանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հնարավոր այցին տարածաշրջան և Ֆրանսիայի դերին տարածաշրջանում:

Հիշեցնենք, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը վերջերս նշել էր, թե Ֆրանսիան կդիտարկի Հայաստանի կողմից պաշտպանության ոլորտում աջակցության վերաբերյալ դիմումները, սակայն նաև պետք է հաշվի առնել այն, որ Հայաստանը և Ֆրանսիան միևնույն ռազմական ալյանսների մաս չեն կազմում:

Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան հնարավոր այցին, դեսպանն ասել էր, որ ոչ մի հստակ ամսաթիվ չկա:

«Բայց, ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ նախագահ Մակրոնն այց կկատարի այն ժամանակ, երբ այցն օգտակար կլինի տարածաշրջանում քաղաքական գործընթացներին աջակցելու համար: Այդ պահին պարզ կտեսնենք, թե ինչ փաստաթուղթ կարող է ստորագրվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև»,- նշել էր Լաքոթը՝ անդրադառնալով կողմերի միջև որևէ փաստաթղթի ստորագրման հնարավորության մասին հարցին:

Կայծ Մինասյանը Ֆրանսիայի հետպատերազմյան ակտիվությունը բացատրեց Հարավային Կովկասում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և ռուս-թուրքական համագործակցությամբ:

Ըստ նրա, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկրներ, «խոնարհվեցին» նոյեմբերի 9-ի հռչակագրի և ռուս-թուրքական համագործակցության առջև:

«Այս իրավիճակը շտկելու համար Ֆրանսիան չի կարող պատկերացնել, որ դեռ գործընթացից դուրս է: Նա ցանկանում է հետ վերցնել իր տեղը: Խոսքը նրա հզորության և հեղինակության մասին է: Ֆրանսիայի շահերը համապատասխանում են Հայաստանի շահերին, այստեղից էլ զգացվում է, որ Ֆրանսիան հայամետ է»,- ասաց Մինասյանը՝ շարունակելով, թե պետք է նկատի ունենալ, որ Ֆրանսիան պաշտպանում է միայն իր շահերը:

Ֆրանսաբնակ քաղաքագետն ասաց, որ Ֆրանսիան իրեն դիրքավորում է՝ որպես եվրոպական հիմնական տերություններից մեկը, և մտադիր է պնդել իր շահերը տարածաշրջանում:

«Ֆրանսիան շահեր ունի տարածաշրջանում և Հարավային Կովկասը տեսնում է՝ որպես խաչմերուկ և Իրանի «բացում»: Այս տեսանկյունից է, որ մենք պետք է վերլուծենք Փարիզի դիրքորոշումը:

Սրան պետք է ավելացնել Ֆրանսիայի ցանկությունը` չվախենալ Ռուսաստանից և հատկապես Թուրքիայից, որի լարվածության գոտիները Փարիզի հետ առատ են: Ֆրանսիան աշխատում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման համար, իսկ Անկարայի նման մյուսներն ապակայունացնում են տարածաշրջանը: Բացի այդ, Ֆրանսիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, չի ցանկանում ընկնել Էրդողանի խենթ արկածների մեջ»,- նման կարծիք հայտնեց Կայծ Մինասյանը:

Հարցին, թե ո՞րն է լինելու առաջիկա այցի օրակարգը, ի՞նչ սպասել, ինչպիսի՞ն է լինելու Մակրոնի աջակցությունը Հայաստանին, Մինասյանը պատասխանեց՝ անելով 3 շեշտադրում:

Նրա խոսքով, նախ՝ Ելիսեյան պալատը դեռ չի հայտարարել նախագահ Մակրոնի՝ տարածաշրջանային երեք պետություններ շրջագայության ամսաթիվը:

«Իմ կարծիքով՝ մինչև աշուն ոչինչ չպետք է սպասել: Հաջորդը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հայտարարությունները պետք է մանրազնին վերլուծվեն. Ֆրանսիան սպասում է Երևանի որոշմանը՝ նախքան ռազմավարական-քաղաքական համագործակցության քննարկումը: Ի՞նչ է այս որոշումը: Մենք չգիտենք: Արդյո՞ք սա ուղղորդում է Երևանից Անվտանգության խորհրդին: Երևի:

Ի վերջո, խոսքը վերաբերում է ոչ թե ֆրանսիական զորքեր Հայաստան ուղարկելուն կամ զենք Հայաստան հասցնելուն, իմ կարծիքով: Դա ավելի շուտ համաձայնեցված նախաձեռնություն է (դիտորդական առաքելություն), հնարավորության դեպքում՝ Ռուսաստանի հետ, որպեսզի Մոսկվայում ճանաչվի տարածաշրջանային «ղեկավարություն», ինչպես նաև Ռուսաստանին գցի Մինսկի խմբի, այլ ոչ թե Թուրքիայի կողմից»,- ասաց Կայծ Մինասյանը:

168.am