Նոր նախագծով վարորդները գազաբալոնները պետք է բերեն փորձարկման, որից հետո կպարզվի՝ դրանք խոտանման ենթակա՞ են, թե՞ ոչ. Մկրտիչ Տիգրանյան

61

ՀՀ կառավարությունը «Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» որոշման նախագիծ է ներկայացրել:

«Կարգավորման նպատակը և բնույթը» բաժնում նշվում է, որ գազաբալոնների տեղադրումը և պարբերական վկայագրումը ներառվել է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկում՝ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2021 թվականի հունվարի 20-ի օրենքի համաձայն (20.01.21 ՀՕ-47-Ն):

Սույն նախագծով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզավորումը:

Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչությունը:

«Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորման փորձարկման, տեղակայման և սերտիֆիկացման ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանի կարծիքով՝ այսկերպ գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունը կբարձրանա:

«Նախագծի հիմքում այն է, որ բոլոր բալոնները պետք է փորձարկված լինեն, և երբ վարորդները բոլորը սկսեն տանել փորձարկման: Հի՞ն գազաբալոններ են, թե՞ նոր՝ դա նշանակություն չունի, պետք է բերեն փորձարկման, որից հետո կպարզվի՝ դրանք խոտանման ենթակա՞ են, թե՞ ոչ»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց Մկրտիչ Տիգրանյանը:

Հարցին՝ նախքան նախագիծը՝ վարորդներն ի՞նչ հաճախականությամբ էին ստուգման տանում գազաբալոնները, նա պատասխանեց.

«Ընդհանրապես չէին բերում: Վարորդների գերակշիռ մասը բալոնները չփորձարկված վիճակում է վարում: Ենթադրում եմ, որ երբ այս նախագիծն ընդունվի, ինչ-որ բան կփոխվի, ու որոշ քանակության խոտան գազաբալոնները, որոնք հիմա շահագործվում են, ի հայտ կգան ու հետագայում չեն օգտագործվի: Սրանով ինչ-որ մի ձևով վտանգի ռիսկը կպակասի, քանի որ չփորձարկված գազաբալոնները հաճախ մեքենաների պայթելու պատճառ էին հանդիսանում»:

Հավելենք, որ գազաբալոնների ստուգման համար պահանջվող գումարը 10.000-12.000 դրամ է՝ 2 տարվա համար:

Նյութի աղբյուր`168.am