Իրանի նոր նախագահը խոստացավ պայքարել ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման համար

92

Իրանի նոր նախագահ Էբրահիմ Ռաիսին խոստացել է պայքարել Թեհրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման ուղությամբ: Այդ մասին նա հայտարարել է նախագահի պաշտոնում հաստատման արարողության ժամանակ, որն այսօր իրականացրել է երկրի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:

«Մենք աշխատելու ենք պատժամիջոցների վերացման ուղղությամբ, սակայն մտադիր չենք մարդկանց կենսամակարդակը կապել օտարերկրյա պետությունների կամքի հետ», Ռաիսիին է մեջբերում ISNA գործակալությունը:

Նրա խոսքով, «բյուջեի դեֆիցիտը, ներդրումային շուկայի կայունացումը, կորոնավիրուսային սպառնալիքների հետ աշխատանքը և բնակչությանը ջրով ու էլեկտրաէներգիայով ապահովելն այն հիմնական խնդիրներն են, որոնք շտապ լուծման կարիք ունեն»:

Ռաիսիի երդմնակալությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին: