Թթուջրի Կարմիր վանք սրբավայրը

564

Հայ իրականության մեջ լեռնալանջերին կառուցվող սրբվայրերը Կարմիր վանք կոչելը բավականին հին արմատներ ունի: Դրա դրսևորումներից մեկին մենք հանդիպում ենք Կիլիկիայի հայոց պետության պատմությունը ուսումնասիրելիս, երբ Քեսուն լեռան լանջին կառուցված սրբավայրը կոչվեց Կարմիր վանք: Եվս մեկ կարմիր Վանք անունով սրբավայր միջնադարում կար Նախիջևանի Դարանաղյաց լեռների լանջերին:Այդ ավանդույթը շարունակվեց հետագա դարերում և ահա Ծաղկունյաց լեռների հյուսիսային կողմում`Թթուջուր կոչվող գագաթի հյուսիս-արևմտյան լանջին առ այսօր պահպանվել է միջնադարյան եկեղեցու մնացորդները, որը նույնպես ունի Կարմիր վանք անվանումը:

Թեմատիկ լուսանկարում երևում է վանքի մնացորդների մուտքային մասը, որի շուրջը գտնված քարաբեկորների վրա քանդակված են միայն միջնադարյան ճարտարապետությանը բնորոոշ նախշաքանդականեր: Եկեղեցու պահպանված հիմնային մասերը կառուցված են կապույտ որձաքարից (բազալտ), որը ներկայիս Թթուջուր գյուղի տարածքում գրեթե չկա, ըստ տեղացիների վկայության այն բերվել է գյուղից մոտ 5 կմ արևմուտք գտնվող Քասաղ գետից աջ ընկած տարածքներից:

Թեմատիկ նկարներում պատկերված քարաբեկորները հայտնաբերվել են սրբավայրի կողքին և նրա հարակից տարածքներում: Դրանք բավականին հմտորեն են հղկված և ակնհայտ է, որ հմուտ վարպետների ձեռքի աշխատանքի արդյունք են: Իսկ նման չափսերի հասնող քարերով սովորաբար կառուցվում էին խոշոր եկեղեցիները: Սրբավայրի տարածքում հայտնաբերվել է եկեղեցու սնքարերից մեկը: Ինչպես գիտենք դրանց մեջ են տեղադրվում խոշոր եկեղեցիների ծածկը պահող սյունները: Հիշյալ քարի չափերից ելնելով կարելի է պատկերացում կազմել հին եկեղեցու չափերի մասին:Սրբավայրի տարածքում հիմնականում պահպանվել է միջնադարյան եկեղեցու խորանային մասը, որի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այն եղել է բազիլիկ ոճի եկեղեցի: Եկեղեցու ավերման պատճառների մասին ստույգ տեղեկություններ չեն պահպանվել:

19-րդ դարում Խոյից, Սալմաստից, Մակույից նաև Արևմտյան Հայաստանի Վան, Մուշ, Սասուն և այլ բնակավայրերից եկած վերաբնակները հաստատվելով Ծաղկունյաց լեռնաշղթայի փեշերին`ներկայիս Ապարան քաղաքից 10 կմ դեպի արևելք ընկած հատվածում հիմնեցին նոր բնակավայր, որը շրջակայքի հանքային աղբյուրների համար անվանեցին Թթուջուր և մինչև ներկայիս բնակավայրի հարավային կողմում Սուրբ Հարություն եկեղեցու հիմնադրումը Կարմիր վանքը նրանց համար շարունակում էր լինել սրբավայր: Սովետական տարիներին Սուրբ Հարություն եկեղեցին մասամբ քանդվեց և Կարմիր վանքը շարունակեց գյուղի բնակիչների համար մնալ հարատևող սրբատեղի:Սովետական տարիներին արված և մատուռին նվիրաբերված մի քանի սրբապատկերները գալիս են հավաստելու, որ այդ աթեիստական տարիներին գյուղի բնակիչները չեն մոռացել իրենց հնամենի սրբավայրը և շարունակաբար այցելել են Կարմիր վանք և իհարկե նվերներ ընծայել:

Հետխորհրդային տարիներին Սուրբ Հարություն եկեղեցին այդպես էլ չվերակառուցվեց ու Կարմիր վանքը նախկինի պես մնում է թթուջրեցիների թիվ մեկ աղոթատեղին: Գյուղի բնակիչների ջանքերով հայկական կարմիր տուֆով ու ցեմենտ-բետոնով եկեղեցու մնացորդ պատերը մի փոքր ամրացվել է: Թթուջրի բնակիչների մոտ ընդունված է ամեն տարի Վարդավառի օրը համարել նաև Կարմիր վանքի օր: Գյուղի բոլոր բնակիչները՝ մանկահասակ երեխայից մինչև ամենատարեց տղամարդ թե կին, բարձրանում են Կարմիր վանք ստանալու սրբավայրի օրհնությունն ու զորությունը: Սովետական ժողովուրդների հայրենական մեծ պատերազմի մասնակիցները, Արցախյան ազատամարտում մարտընչած կամավորները ռազմաճակատ մեկնելուց առաջ բարձրանում էին այստեղ ստանում սրբավայրի օրհնությունը: Այս ավանդույթը շարունակվեց նաև հետագա տարիներին` բանակ զորակոչվող երիտասարդները շարունակում են բարձրանալ այստեղ՝ օրհնություն ստանալու համար և իհարկե ծառայության ժամկետի ավարտից հետո դարձյալ առաջինը բարձրանում են այստեղ`կրկին օրհնություն ստանալու:

Գյուղի բնակիչներ ցանկացած առիթով մատաղի արարողությունները կատարում են հենց այստեղ, իրենց պարտքը համարելով զոհաբերվող կենդանուն բարձրացնել այս սրբավայր`իսկ զոհաբերելուց հետո իհարկե բաժին հանել մյուսներին:

Աղբյուրը՝ Հայաստանի մատուռներ ֆեյսբուքյան էջ