Գերմանիայի ներկայացուցիչները գաղտնի հանդիպում են անցկացրել «Թալիբան»-ի հետ․ Bild

77

Գերմանիայի կառավարության ներկայացուցիչները անցած շաբաթ օրը գաղտնի հանդիպում են անցկացրել Դոհայում «Թալիբան» արմատական ​​շարժման անդամների հետ: Այդ մասին հայտնել է Bild թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Հրատարակության տվյալներով՝ բանակցություններին Գերմանիան ներկայացնում էր Աֆղանստանի և Պակիստանի հարցերով հատուկ բանագնաց Յասպեր Վիկը: Հանդիպումը պատրաստվել է դաշնային հետախուզական ծառայության կողմից և համաձայնեցված է եղել Միացյալ Նահանգների հետ:

Bild-ի համաձայն, Գերմանիայի ԱԳՆ-ն հաստատել է թալիբների հետ բանակցությունները: Գերատեսչությունը նշել է, որ Վիկը շաբաթ օրը հանդիպումներ է ունեցել Դոհայում՝ ինչպես արմատական ​​շարժման բանակցողների, այնպես էլ Քաբուլի կառավարության ներկայացուցիչների հետ: Նպատակը, ըստ ԱԳՆ-ի, առաջընթացն է ներաֆղանական բանակցությունների վերսկսման և Աֆղանստանում զինադադարի հաստատման գործում: Դոհա այցից առաջ Վիկն այցելել է Աֆղանստանի մայրաքաղաքը։