Ավստրալիայի (ACT) լիբերալ երիտասարդական շարժումը միաձայնությամբ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

55

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը հայտնում է` Ավստրալիայի մայրաքաղաքային տարածքի (ACT) լիբերալ երիտասարդական շարժումը միաձայնությամբ ճանաչել է 1915-1923թթ․ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանությունը։

Երիտասարդական շարժումը ճանաչել է նաեւ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ քննադատելով Արցախի բնիկ ժողովրդի դեմ հարձակումները` դրանք դիտարկելով որպես Հայոց ցեղասպանության շարունակականություն։

Բանաձևի ընդունումն առաջնորդել է ավստրալահայ Սոֆի Բյորկմանը, որը նույն երիտասարդական շարժման ակտիվիստներից է։

Այս առիթով Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը նկատել է․ «Հիանալի է տեսնել քաղաքականապես ակտիվ երիտասարդ ավստրալացիների, այս երկրի ապագա առաջնորդների դիրքորոշումը մարդու իրավունքների այնպիսի կարևոր հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունները, ինչպես նաև Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը։

Մենք շնորհակալ ենք տիկին Բյորկմանին և նրա գործընկերներին ճշմարտության և արդարության կողմը կանգնելու համար: Մենք շարունակում ենք պահանջել դաշնային կառավարությունից` համարձակություն ունենալ` հետևելու նման քայլերին և ճանաչելու 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և դատապարտելու դրա շարունակությունը՝ Թուրքիայի կողմից աջակցվող ադրբեջանական բռնապետական ռեժիմի կողմից Արցախում հայերին իրենց հայրենիքից վտարելու փորձը»։


ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
02.08.2021 թ.