Ալիևի ռեժիմի քննադատ ընդդիմադիր բլոգերին մահացած են գտել Թբիլիսիում․ հարազատները մեղադրում են Ադրբեջանի իշխանություններին

44

Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Հուսեյն Բակիխանովին մահացած են գտել Թբիլիսիում հուլիսի 29-ի երեկոյան։ Այս մասին գրում է JamNew-ը։ Երիտասարդի մարմինը գտել են բնակարանում, որտեղ նա բնակվում էր։ Բլոգերի ընկերները նշում են, որ մահվան վարկածերից մեկի համաձայն՝ նա ընկել է շենքից։ Այս տեղեկությունը տարածել են բլոգերի ադրբեջանցի ընկերները, այդ թվում՝ լրագրող Աֆգան Մուխթարլին, որն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ոստիկանությունը հաստատել է, որ Բակիխանովն ընկել է բարձրությունից»։ Հուսեյն Բակիխանովը քաղաքական միգրանտ էր Ադրբեջանից, որն ապրում էր Թբիլիսիում ու այնտեղ քաղաքական ապաստան էր փնտրում։ Մահից մի քանի օր առաջ՝ հուլիսի 12-ին, նրա հետ տարօրինակ միջադեպ է տեղի ունեցել, որի մասին վերջինս պատմել է YouTube-ում հրապարակված տեսանյութում։ «Ադրբեջանի կառավարության դավադրությո՞ւն, թե՞ պատահականություն» վերնագրով տեսանյութում Բակիխանովը պատմում է, որ իր վրա Թբիլիսիի կենտրոնում հարձակվել է 5 ադրբեջանցի, որոնց ինքը տեսել է դեպքից մի քանի օր առաջ։ «Նրանք հանկարծակի սկսեցին ինձ վիրավորել ու հարձակվեցին»,- պատմել է բլոգերը։ Տեսանյութը նա նկարահանել է շտապօգնության մեքենայում, որն ինքն է կանչել։ Բակիխանովը նաև նշել է, որ փախել է Ադրբեջանից և իրեն մի քանի օր է մնացել, որ Վրաստանում փախստականի կարգավիճակը հաստատող վկայական տրամադրեն։ Միջադեպն ու տեղեկատվությունը վրացական «Ֆորմուլա» հեռուստաալիքի հետ զրույցում հաստատել է բլոգերի ազգական Ավթանդիլ Մամեդովը, որին արդեն հարցաքննել են ոստիկանությունում։ Նա չի բացառում, որ Բակիխանովի մահը Ադրբեջանի կառավարության շահերից է բխում և հարձակվողները կարող էին ուղարկված լինել Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Մամեդովը հաստատել է, որ բլոգերը Վրաստանից քաղաքական ապաստան է խնդրել, քանի որ Ադրբեջանի կառավարության կողմից հետապնդումների է ենթարկվել և սեփական երկրում կալանքի տակ պահվել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/399935.html

© factor.am