ԱՄՆ-ը մտադիր է պատժամիջոցների կիրառմամբ Իրանին թույլ չտալ անօդաչու թռչող սարքեր ստեղծել․ WSJ

116

ԱՄՆ-ն նախատեսում է սկսել պատժամիջոցների արշավ, որի նպատակն է կանխել Իրանի կողմից անօդաչու թռչող սարքերի և կառավարվող հրթիռների մշակումն ու արտադրությունը, քանի որ դա ԱՄՆ-ն համարում է սպառնալիք իր և իր դաշնակիցների համար: Այդ մասին հինգշաբթի հաղորդել է The Wall Street Journal-ը:

Նշվում է, որ տարիների ընթացքում Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Իրանի հրթիռային որոշ ծրագրերի նկատմամբ, սակայն պաշտոնական անձինք ենթադրում են, որ անօդաչու թռչող սարքերի և ճշգրիտ կառավարվող հրթիռների ստեղծման համար օգտագործվող բաղադրիչների իրանցի մատակարարների վրա կենտրոնանալը կարող է ավելի արդյունավետ միջոց հանդիսանալ այդ գործողությունների խափանման համար:

ԱՄՆ բարձրաստիճան զինվորականներն ու դիվանագետները նշում են, որ Իրանն ավելի ու ավելի հաճախ է կառավարվող հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր կիրառում ամերիկյան ուժերի և նրա դաշնակիցների դեմ: ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչները (Նյու Յորքում) չեն արձագանքել հրատարակության՝ մեկնաբանության խնդրանքին: