Ադրբեջանը երաշխիքներ է ստացել ու փորձում է խոստումների կատարման ընթացքն արագացնել

80

Վարդենիսում կրակոցների ինտենսիվությունը պակասել է, բայց վտանգավորության աստիճանը չի թուլանում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Նա հիշեցրել է՝ երեկ գիշերը անօդաչու թռչող սարքեր են խոցվել, որոնք ընկել են բնակավայրերին շատ մոտ, ինչը նշանակում է, որ վտանգն ամեն պահի շարունակում է կախված լինել մեր գլխին:

Թովմասյանը հիշեցրել է սահմանամերձ շրջանների բնակիչների անվտանգության ապահովման կարևորությունը, նկատել՝ որքան էլ ասենք՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է, թեպետ անհայտ է՝ ինչ պայմանավորվածության գնով,մարդիկ ուզում են ապրել անվտանգ միջավայրում:

«Մենք շարունակում ենք ունենալ վտանգավոր գոտիներ Հայաստանի սահմանին: Ամեն ինչ բարդել թշնամու վրա, որ թշնամին լկտի է, նենգ է, ինքն է անընդհատ նախահարձակ լինում, բայց մենք պետք է ունենանք պաշտպանության բավարար մակարդակ»,- ասել է նա:

Պատգամավորը կարծում է, որ Ադրբեջանը երաշխիքներ է ստացել ու հիմա նմանատիպ սադրանքներով փորձում է խոստումների կատարման ընթացքն արագացնել: