ՀՀ նախագահն իր աջակցությունն է հայտնում հայոց բանակին

55

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել ստեղծված իրավիճակի վերաբերյալ` իր աջակցությունը հայտնելով բանակին։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

«Այս գիշեր Ադրբեջանը հերթական ոտնձգությունն է կատարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հանդեպ՝ կրկին հրահրելով ռազմական գործողություններ և հարձակում հայ-ադրբեջանական սահմանին:

Ցավոք, ադրբեջանական զինված սադրանքի հետևանքով կան զոհեր և վիրավորներ»,–ասված է նախագահի հայտարարության մեջ:

Հանրապետության նախագահն իր խորին ցավակցությունն է հայտնում մեր զոհված զինվորականների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում ապաքինում:

«Վստահ լինելով, որ մեր երկրի զինված ուժերն ի զորու են համարժեք գործողություններով հակազդել Ադրբեջանի ռազմական սադրանքներին, հանրապետության նախագահն իր աջակցությունն է հայտնում մեր բանակին, ինչպես նաև երկրի սահմանների ու բնակչության անվտանգության և պաշտպանության հարցերում ներգրավված մյուս բոլոր կառույցներին»,–ասված է հաղորդագրության մեջ: