Ո՞վ է Իրանի նոր արտգործնախարարը

216

Գրիգոր Առաքելյան, Իրանում ՀՀ նախկին դեսպան, –

Հունիսի 18-ին Իրանում  տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում չափավորական Ռոհանիից արմատական Ռայիսիին իշխանության փոխանցման գործընթացին հաջորդելու է ոչ այնքան կառավարման համակարգի, որքան կառավարության կազմի փոփոխությունը։ 

Արդեն ուրվագծվում  է կանխատեսումների  ու կիսապաշտոնական տվյալների  հիման վրա կառավարության նոր կազմը։  Եվ քանի որ երկրի գործադիր իշխանության ղեկն ստանձնող դատական իշխանության ղեկավար Էբրահիմ Ռայիսին տարիներ շարունակ միայն զբաղվել է երկրի դատաիրավական հարցերով, ուստի կարելի է ենթադրել, որ նա բավարար չափով  չի տիրապետում արտաքին քաղաքական անցուդարձերին ու  տնտեսական ոլորտի խնդիրներին, եւ ընդհանրապես՝ երկրի սոցիալ տնտեսական իրավիճակի բարելավմանը վերաբերող  հիմնահարցերին, որից ելնելով էլ  նորընտիր նախագահը տրամաբանորեն պետք է օգտվի  երկրի գործադիր մարմիններում աշխատնքային հարուստ փորձ ունեցող թե՛ պահպանողական,  և թե՛ չափավորական թևի կադրային ռեզերվից ընտրված  վետերանների հնարավորություններից։

Բնականաբար, ՀՀ-ում նույնպես կանխատեսումների ու ենթադրությունների հիման վրա ուրվագծվող կառավարության կազմի նորընծա անդամներին կհետաքրքրի իրենց իրանցի գործընկերների վարքագիծն ու հայկական իրականության հետ վերջիններիս առնչությունները։ Հասկանալի է, որ հայկական կողմին  (և ոչ միայն)  առաջինը կհետաքրքրի արտաքին աշխարհի հետ կապերի պատասխանատու ԱԳ նախարարի անձը, որի նշանակումից էլ քաղաքական վերլուծաբանները կանխատեսումներ են անում  երկրի  արտաքին քաղաքականության մեջ հնարավոր փոփոխությունների և  նոր ուղղությունների  մասին։ 

Սակայն, նույն օրինաչափությունը չի կարելի տարածել  Իրանի վրա։ Քանի որ ԻԻՀ նախագահի պաշտոնն իր գործառույթների շրջանակով ավելի շատ նման է վարչապետի պաշտոնին, ով իր ներկայացրած կառավարության կազմը ոչ միայն համաձայնեցնում  է  երկրի օրենսդիր մարմնի, այլ առաջին հերթին Հոգևոր առաջնորդի հետ։ Հետևաբար, Իրանի արտաքին քաղաքականության ուղղությունների  ու առաջնահերթությունների հստակեցման  բացառիկ իրավունքը  վերապահված է Կրոնապետ Խամենեիին։

Այնուամենայնիվ, վերլուծաբանների կարծիքով, անկախ պահպանողականների կամ չափավորականների թևին պատկանելու հանգամանքից,  ԻԻՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնն  զբաղեցնելու  շանս ունեն  Հոսեին  Ամիրաբդոլլահիանը, Ալի Բաղերի Քյանին և Մեհդի Սաֆարին։ Ովքե՞ են նրանք։

1․ Հոսեին  Ամիրաբդոլլահիան

Իրանի նախկին փոխարտգործնախարար, ներկայումս Իրանի մեջլիսի նախագահի  հատուկ օգնական, մեջլիսի արտաքին հարաբերությունների վարչության պետ Հոսեին  Ամիրաբդոլլահիանը ներկայացնում է  համակարգի պահպանողական թևը։ 

ԱԳ նախարարի պաշտոնին հավակնող քաղաքական գործիչը ծնվել է 1964 թվականին Դամեղան քաղաքում։  Արտաքին գործերի նախարարությունում աշխատանքային հարուստ փորձ ունի, Բահրեյնում աշխատել է որպես դեսպան։ Նա առավելապես հայտնի է իբրև արաբական երկրների գիտակ ու արաբական աշխարհին  վերաբերող  անցուդարձերի մասին  պաշտոնական դիրքորոշումներով հանդես  եկող պաշտոնյա։ Որպես փոխարտգործնախարար աշխատել է պահպանողական Սալեհիի և չափավորական  Զարիֆի արտգործնախարար  եղած ժամանակ։  Ամիրաբդոլլհիանը պաղեստիցիների շահերի ջերմեռանդ պաշտպններից է, և հենց այդ պատճառով էլ խստագույնս դատապարտել է Հայաստանին՝ Թել-Ավիվում դեսպանություն հիմնելու համար։ Նրա առնչությունները Պահապանների Կորպուսի հետ հայտնի են բոլորին։ Խաթամիի նախագահության օրոք մասնակցել է Իրանի միջուկային ծրագրերի շուրջ ընթացող բանակցություններին։

Հայկական իրականության հետ նրա կապն առայժմ սահմանափակվում է Իսրայելում ՀՀ դեսպանության  և 44-օրյա պատերազմի օրերին Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական բախումների հետևանքով Իրանին սպառնացող ապակայունացման վտանգի համար հնչեցրած հայտարարություններով։ 

2․ Ալի Բաղերի Քյանի

1967 թվականին Թեհրանում ծնված Բաղերի Քյանին կարիերային դիվանագետ է։ Նա Սայիդ Ջալիլիի՝ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի  քարտուղար եղած ժամանակ աշխատել  է արտաքին քաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով վերջինիս տեղակալի պաշտոնում։ Անվտանգության գերագույն խորհրդում պաշտոնավարելու տարիներին Բաղերին Իրանի միջուկային ծրագրերի շուրջ ընթացող բանակցություններին հանդես է եկել որպես ավագ բանակցող։ Աշխատել  է նաև ԱԳՆ  Կենտրոնական և Հյուսիսային Եվրոպայի գլխավոր վարչության պետի պաշտոնում։ Որոշ ժամանակ էլ փոխարինել է արտաքին գործերի՝ եվրոպական ուղղությունը համակարգող  նախարարի տեղակալին։ Նա պատկանում է Իրանի արտաքին քաղաքականության առավել արմատական ու կարծր դիրքորոշումներ ունեցող անձանց թվին, և 6+1 ձևաչափով Իրանի միջուկային ծրագրերի շուրջ ընթացող  բանակցությունների ժամանակ եղել է Ռոհանիի կառավարության գլխավոր ընդդիմախոսներից մեկը։

Բաղերին նաև ազգակցական-խնամիական  կապեր ունի հոգևոր առաջնորդ Խամենեիի  հետ։  

Վերջինիս թեկնածության կապակցությամբ  ենթադրությունների համար հիմք է ծառայել այն, որ նա ներկա է գտնվել   Հնդկաստանի  ԱԳ նախարարի և նորընտիր նախագահ Ռայիսիի վերջերս  Թեհրանում կայացած հանդիպմանը։

Իրանում արտգործնախարարի պաշտոնում Բաղերիի, իսկ   Հայաստանում  նույն պաշտոնում Արմեն Գրիգորյանի թեկնածությունների հաստատման դեպքում,  երկու  հարևան երկրներում արտաքին քաղաքականության ոլորտը համակարգվելու է անվտանգության խորհրդում աշխատանքային փորձ ունեցող երկու գործիչների կողմից, ինչը գործընկերային համերաշխության ու անվտանգային հարցերին միևնույն դիտանկյունից  նակելու առումով   կարող է շահեկան  լինել։

3․ Մեհդի Սաֆարի

Հայաշատ Սպահանում ծնված և կրթություն ստացած Մեհդի Սաֆարին Իրանի դիվանագիտական համայնքի բազմավաստակ վետերաններից է։ Պաշտոնավարել է Ռուսաստանում  և Չինաստանում որպես դեսպան, իսկ կենտրոնական ապարատում՝ որպես գլխավոր վարչության պետ և նախարարի տեղակալ։ Գլխավոր վարչության պետի պաշտոնում  համակարգել է Հայաստանի ու Ադրբեջանի հետ աշխատանքները, և տարբեր առիթներով, այդ թվում՝ հատուկ բանագնացի կարգավիճակում այցելել է Հայաստան։ Սաֆարին քաջածանոթ է հայաստանյան անցուդարձերին և ջերմ հարաբերություններ է պահպանում իր նախկին հայաստանցի գործընկերների հետ։

Ինչևէ, ԻԻՀ նորընտիր նախագահ Ռայիսին օգոստոսի 5-ին կայանալիք երդմնակալության արարողության ժամանակ հրապարակելու է իր  կառավարութայն  կազմը, որից էլ կտեղեկանանք, թե ո՞վ էլինելու Իրանի նոր արտգործնախարարը։