Մեծ Բրիտանիան ասում է՝ Brexit-ի գործարքը պետք է փոփոխվի

69

Բորիս Ջոնսոնը մերժել է Բրյուսելի վերջին փորձը շտկել Հյուսիսային Իռլանդիայի համար հետբրեքսիթյան պայմանավորվածությունների հետ կապված խնդիրները պնդելով, որ անցյալ տարի ստորագրված պայմանագիրը պետք է փոփոխությունների ենթարկվի։ Այս մասին գրում է The Guardian-ը¹։

Երկուշաբթի օրը Եվրահանձնաժողովի կողմից Հյուսիսային Իռլանդիայի արձանագրության իրագործումը հեշտացնելու նպատակով հրապարակված մի շարք առաջարկություններ բավարար չեն լուծելու առկա խնդիրները: Միացյալ Թագավորության կառավարության խոսնակն ասում է, որ դրանց փոխարեն երկու կողմերին անհրաժեշտ են «համապարփակ և կայուն լուծումներ»: Brexit- ի հարցերով պատասխանատու նախարար Դեյվիդ Ֆրոստը  նշում է, որ արձանագրության իրավական տեքստում լուրջ փոփոխություններ չմտցնելու դեպքում կառավարությունը կքննարկի գործարքի որոշ մասերի կասեցմանը վերաբերող ԵՄ-Մեծ Բրիտանիա համաձայնագրի 16-րդ հոդվածի կիրարկման հարցը:

Նման քայլը թույլատրելի է ծայրահեղ դեպքերում, երբ առաջանում են «լուրջ տնտեսական, սոցիալական կամ բնապահպանական դժվարություններ»: Բայց հանձնաժողովը, ենթադրաբար, կվիճարկի նման որոշումը: Դա, ամենայն հավանականությամբ, կգնա արբիտրաժի՝ այդպիսով բարձրացնելով առևտրային պատժամիջոցների ռիսկը:

Դեռ անցյալ շաբաթ ՄԲ կառավարությունը հրապարակել էր հրամանագիր, որում մանրամասն նկարագրվում են ցանկալի փոփոխությունները։ ՄԲ կառավարության խոսնակը նշեց, որ միայն Դաունինգ Սթրիթի (խմբ․՝ բրիտանական վարչապետերի նստավայր) պահանջները կատարելով է հնարավոր լուծել մի շարք խնդիրները, որոնք վերջին ամիսներին Հյուսիսային Իռլանդիայում հանգեցրել են քաղաքական անկայունության և բռնության: Նա նաև ասաց, որ այն, ինչ առաջարկում է ԵՄ-ն, «ընդամենը մի փոքր ենթախումբն է այն բազմաթիվ դժվարությունների, որոնք առաջացել են՝ պայմանավորված արձանագրության գործարկման ձևով²»:

Այնուամենայնիվ, ԵՄ փոխնախագահ, ԵՄ-Միացյալ Թագավորություն հարաբերությունների պատասխանատու Մարոշ Շեֆչովիչն ասաց, որ Բրյուսելը ձգտել է «ճկուն, գործնական լուծումների» և «չի համաձայնի արձանագրության վերանայմանը»:
«Իռլանդիայի / Հյուսիսային Իռլանդիայի վերաբերյալ արձանագրությունը համատեղ լուծում է, որը ԵՄ-ն գտել է վարչապետ Բորիս Ջոնսոնի և լորդ Ֆրոստի հետ միասին, և որը վավերացվել է Միացյալ Թագավորության խորհրդարանի կողմից՝ լուծելու Brexit-ի՝ Իռլանդիայի համար առաջացրած յուրատեսակ մարտահրավերները»։

✍🏻 Աստղիկ Մնացականյան

➖➖➖➖
1️⃣ https://amp.theguardian.com/politics/2021/jul/26/uk-rejects-eus-northern-ireland-moves-saying-brexit-deal-must-be-renegotiated
2️⃣ https://www.theguardian.com/politics/2021/jul/21/uk-substantially-rewrite-northern-ireland-brexit-protocol
➖➖➖➖

©️ #ՓԱԿԱԳԻԾ