Դատավոր Վաչե Մարգարյանը Մովսես Հակոբյանի գործի նկատմամբ ունի կանխակալ վերաբերմունք. Այդ մասին դատավորը խոստովանել է անձամբ

82

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գործով դատավոր Վաչե Մարգարյանն ինքնաբացարկ է հայտնել՝ սեփական նախաձեռնությամբ։ 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Մովսես Հակոբյանը մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու մեջ։

Հիշեցնենք, որ պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերի 19-ին, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել, որոնց համաձայն՝ պատերազմի երրորդ օրը վարչապետը կանգնեցրել է բանակի լրահամալրումը և հանձնարարել առաջնագիծ ուղարկել կամավորականներին: Հայտարարությունների հիման վրա ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով, որի շրջանակներում առ այս պահը որևէ պաշտոնյայի մեղադրանք չի առաջադրվել։

Բացի այդ՝ քրեական գործը չէր հարուցվել սուտ մատնության հատկանիշներով, փոխարենը՝ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ պետական գաղտնիքի հրապարակման հատկանիշներով, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Մովսես Հակոբյանին՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն հրապարակելու համար։ Հատկանշական է, որ ԱԱԾ-ն այդ քայլով հաստատել է Հակոբյանի խոսքերի ճշմարտացիությունը, ասել է թե՝ ապացույցներն անհերքելի են, հետևաբար, հասկանալի չէ, թե ինչու է ՀՔԾ-ն առ այս պահը Նիկոլ Փաշինյանին մեղադրանք չի առաջադրել։

Մովսես Հակոբյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է դատավոր Վաչե Մարգարյանին։ Վերջինս հայտնի է գաղտնալսումների գործով, երբ 2018թ. սեպտեմբեր ամսին մամուլում հրապարակվեց ԱԱԾ նախկին տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցը, որի ընթացքում նշվում էր մի դատավորի մասին, որը, ըստ ամենայնի, պետք է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում կայացներ՝ անկախ հիմքերից։ Ավելին՝ դատավորին ասել են՝ ուզի, թե չուզի՝ պետք է տա կալանավորումը։ Տվյալ դատավորը եղել է Վաչե Մարգարյանը։

«Դատալեքս» համակարգից տեղեկանում ենք, որ հուլիսի 22-ին դատավոր Վաչե Մարգարյանն ինքնաբացարկ է հայտնել՝ սեփական նախաձեռնությամբ և գործը հանձնվել է վերաբաշխման՝ ընդհանուր կարգով։ Ինքնաբացարկի հիմք է նշվել դատավորի կողմից կանխակալ վերաբերմունքը, սակայն այլ մանրամասներ այս պահի դրությամբ հայտնի չեն։

Աղբյուր` Փաստինֆո