Ռուս խաղաղապահները մասնակցել են Ստեփանակերտում ծովակալ Իսակովի հիշատակին նվիրված արարողությանը

56

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը Ստեփանակերտ քաղաքում մասնակցել է հիշատակի արարողությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությունը, Ստեփանակերտ քաղաքում ի պատիվ Ռուսաստանի ռազմածովային նավատորմի կազմավորման 325-ամյակի՝ խաղաղապահ զորախմբի զինծառայողները, հոգևորականության ներկայացուցիչներ, ուսանողներ և դպրոցականներ հարգանքի տուրք են մատուցել Խորհրդային Միության հերոս, նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովի հիշատակին:

Հայրենական մեծ պատերազմի հերոս, ծովակալ Իսակովի կիսանդրին պատրաստված է պղնձից և տեղադրված է Ստեփանակերտ քաղաքի նրա անունը կրող փողոցում։

«Հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հիշատակը, ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրել հուշակոթողին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ծովակալ Իսակովը խորհրդային ամենահայտնի զորահրամանատարներից մեկն է, որն անգնահատելի ներդրում է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի և խորհրդային նավատորմի զարգացման հարցում։

yerkir.am