Հայաստանում 75 տոկոսով թանկացած ձեթը կարող է էժանանալ

83

Ուկրաինայում ու Ռուսաստանում բարենպաստ եղանակային պայմանների պատճառով արևածաղկի բերքը զգալիորեն կաճի, ինչը կնվազեցնի նաև այլ տեսակների ձեթի գները:

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի-Sputnik. Եկող տարի ձեթն ամբողջ աշխարհում կարող է էժանանալ։ Տեղեկությունը հայտնում է կանադական The Western Producer ագրարային պարբերականը:

Պարբերականը ներկայացնում է ԱՄՆ-ի գյուղատնտեսության դեպարտամենտի (USDA) տվյալները, որտեղ 2021/22 սեզոնի համար (սեպտեմբեր-օգոստոս) կանխատեսում են բոլոր հիմնական ձիթատու մշակաբույսերի բերքի աճ՝ արմավենու յուղի  3,1 մլն տոննայի, արևածաղկի՝ 2,6 մլն տոննայի, սոյայի՝ 1,86 մլն  ու սևուկի՝ 0,2 միլիոնի աճ: Այսպիսով` ձեթի ընդհանուր արտադրությունը կաճի 7,75 միլիոնով։ Կաճի նաև սպառումը, բայց փոքր տեմպերով (մոտ հինգ միլիոնով)։ Սա կհանգեցնի  շուկայում 2.7 մլն տոննա ավելցուկի:

Ընդ որում, հատկապես բարենպաստ պայմաններ կստեղծվեն հենց արևածաղկի համար (Հայաստանում ու հետխորհրդային այլ երկրներում հիմնականում հենց արևածաղկի ձեթ են օգտագործում)։ USDA-ն Ուկրաինայում ու Ռուսաստանում (աշխարհի առաջին երկու խոշորագույն արտադրողները) արևածաղկի համար հիանալի եղանակային պայմաններ է ակնկալում: ԱՄՆ գյուղնախարարության գնահատումների համաձայն՝ Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներում արևածաղկի ձեթի գները կնվազեն 15-20 տոկոսով  ու կհասնեն մինչև մեկ տոննայի դիմաց հազար դոլարի:

Նշենք, որ ըստ պաշտոնական վիճակագրության՝ վերջին մեկ տարում Հայաստանում ձեթի գներն աճել են 75 տոկոսով։ Վերջին 12 ամիսների ընթացքում FAO-ի պարենային գների ինդեքսը (ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն) շարունակաբար աճել է (ներառյալ՝ ձեթի գինը), սակայն հունիսին (այս բոլոր ամիսների ընթացքում առաջին անգամ) դրա գները սկսեցին նվազել՝ կրճատվելով գրեթե 10%-ով (9,8%-ով)։