Ադրբեջանը գերի է վերցրել Մարտունու բնակչին

79

Արցախում բնակիչներից մեկը կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել է ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։

📎Տեղեկությունը հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը` Facebook–ի իր էջում գրառում կատարելով։

«ՄԻՊ-ի աշխատակազմ ստացվել է ահազանգ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկի գերեվարման վերաբերյալ։ Փաստերի հավաքագրման արդյունքում պարզվել է, որ անձը Մաճկալաշեն համայնքի 1989-ի ծնված բնակիչ է, որը զբաղվում էր անասնապահությամբ և կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում»,–նշված է գրառման մեջ։

Ստեփանյանը հայտնում է նաև, որ այս մասին համայնքային իշխանությունները տեղեկացրել են ռուս խաղաղապահներին. այժմ նրանց միջնորդությամբ բանակցություններ են վարում նրան վերադարձնելու ուղղությամբ։

ՄԻՊ աշխատակազմը շարունակում է ահազանգի վերաբերյալ ուսումնասիրությունները, արդյունքների մասին կտեղեկացնենք հավելյալ։