Իշխանության կարգախոսը՝ «մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպան լինե՞լն է

71

Սյունիք, Գեղարքունիք, Երասխ՝ Հայաստանը տարբեր ուղղություններով հայտնվել է թշնամի պետության օղակի մեջ։ Արդեն իսկ հստակ է՝ Ադրբեջանը ջլատիչ պատերազմ է սկսել՝ լոկալ սահմանային բախումների իրականացմամբ շարունակական լարվածության, մշտական տագնապի և լայնամասշտաբ պատերազմի վախի մեջ պահելով ՀՀ բնակչությանը։ Տևական ժամանակ՝ ասելն անգամ վիրավորական ու արժանապատվության դեմ է՝ Հայաստանի ինքնիշխան տարածքից գերևարված 2 զինվոր ունենք, որոնց ճակատագիրն անհայտ է, երեք վիրավոր ունենք Երասխում, որոնցից մեկի վիճակն, ի հակադրություն ՊՆ հավաստիացման, ծանր է:

ՈՒշագրավ է, որ ագրեսորի այս քաղաքականությունը ՀՀ ներկա իշխանության կողմից համապատասխան, ադեկվատ գնահատականի չի արժանանում ո՛չ ԱԳՆ-ի, ո՛չ էլ պաշտպանական գերատեսչության կողմից։ Տարօրինակ չէ՞, որ ՀՀ սուվերեն տարածքի ուղղությամբ կրակ բացող կողմին կրակով պատասխանելու փոխարեն՝ իշխանությունները, այդ թվում՝ նաև՝ պաշտպանության ոլորտի պաշտոնյաները հրճվում են, որ առանց կրակ բացելու՝ ևս մեկ օր կարողացան խուսափել երկկողմանի բախումից։

Հոգը չէ իշխանության, որ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական զորքը ապրիլի 12-ից առաջանալով արդեն տնավորվել է Հայաստանի Սյունիքի մարզում՝ ուղղակիորեն գոյաբանական, սեփական հողում հանգիստ ապրելու վտանգ ստեղծելով այդ հատվածի բնակչության համար։ Նույն իրավիճակն է Վարդենիսի հատվածում, հիմա նաև՝ Երասխի, ուր վերջին օրերին կրակահերթերը չեն դադարում, ունենք վիրավորներ: Իսկ Երասխը Երևանի քթի տակ է։ Այնպես որ, թուրքի թիրախը ողջ Հայաստանն է։

Հարց՝ ի՞նչ է արել 44 օրյա պատերազմից հետո՝ ՀՀ սահմանային տարածքները բռնազավթած և ըստ էության՝ մեր սուվերեն տարածքում ինժեներատեխնիկական և պաշտպանական ամրություններ կառուցող ադրբեջանական զինուժի՝ այս քայլերին ի պատասխան։

Հետաքրքիր է՝ Հայաստանի կառավարության համապատասխան գերատեսչություններին հանձնարարական եղե՞լ է մեր սահմանին և սահմանից ներս թշնամու զինուժի կուտակումների և ինժեներական ու դիրքային ամրակայումների համատեքստում՝ յուրաքանչյուրն իր մասով առաջարկություններ ներկայացնելու վերաբերյալ։ Ընդհանրապես, ՀՀ կառավարությունը նոյեմբերի 9-ից հետո մտածե՞լ է, խնդիր դրե՞լ է, առաջադրանք տվել կամ առաջարկություն ստացե՞լ է մեր զինվորների համար պատշաճ զորանոցներ կառուցելու, աշխարհագրորեն պաշտպանված հենակետեր նախագծելու, եղած շենքերը հարմարեցնելու մասին:

Ի վերջո, վրանային զորանոցներում կամ՝ անտառներում՝ բաց երկնքի տակ զինվոր չեն պահում։ Թե՞ իշխանության կարգախոսը՝ «մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպան լինելն է»։

Աղբյուր` Փաստինֆո