«Վայրի սիմֆոնիա»-ն երեխաներին կպատմի Նազենի Հովհաննիսյանը

61

Մամուլի հաղորդագրություն

Հուլիսի 24-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացվի ամերիկացի հանրահայտ գրող Դեն Բրաունի «Վայրի սիմֆոնիա» նախագիծը։ Կցուցադրվի նկարազարդ հեքիաթի էկրանավորումը, որը կուղեկցվի կենդանի երաժշտությամբ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ և դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարմամբ։ Համերգի ընթացքում Նազենի Հովհաննիսյանը մանուկներին կներկայացնի նաև Դեն Բրաունի «Վայրի սիմֆոնիա» հեքիաթը։

Նազենի Հովհաննիսյանը, անդրադառնալով այս նախագծին, նշում է, որ տեխնիկական, առցանց գերհագեցած աշխարհում պետք է կարողանալ մի պահ կանգ առնել ու վերադառնալ մանկություն: «Մեր փոքրերին մենք մանկություն ենք պարտք, որովհետև արագ ընթացող աշխարհում ոչ ոք կարծես էլ ժամանակ չունի հեքիաթ կարդալու, հեքիաթ պատմելու: Հուլիսի 24-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մենք որոշել ենք կերտել մի հեքիաթային երեկո։ Որոշել ենք մանուկներին պատմել գեղեցիկ մի հեքիաթ՝ «Վայրի Սիմֆոնիան», որի հեղինակն աշխարհահռչակ գրող Դեն Բրաունն է: Գաղափարը մեկն է՝ մեկտեղել բոլորիս գեղեցիկ ու մեծ սրահում՝ Դեն Բրաունի գրած դասական երաժշտության ներքո պատմելու երաժշտասեր գազանիկների, անտառային կյանքի, ընկերության ու նրանց հեքիաթային իրականության մասին: Նկարազարդ հեքիաթ-սիմֆոնիան ունի նաև շքեղ էկրանավորում, ես էլ փորձելու եմ անտառային հերոսների՝ գազանիկների պատմություններով ձեզ տանել հրաշագործ երաժշտության ու կախարդական հեքիաթների գեղեցիկ աշխարհ: Յուրաքանչյուր երեխա մի հեքիաթ է, մի զրկեք նրանց այդ օրը միասին վայելելու հնարավորությունից»,- ասում է Նազենի Հովհաննիսյանը։

Նշենք նաև, որ «Վայրի սիմֆոնիա» գիրքը հայերեն թարգմանվել և հրատարակվել է «Զանգակ» հրատարակչության կողմից։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ