Օրակարգը մեկն է. Կարթագենը պետք է կործանվի

59

«Carthago delenda est»։
Կատոն Ավագ

Մ.թ.ա 218-201թթ. տևած Պունիկյան երկրորդ պատերազմից հետո Կատոն Ավագը Հռոմի Սենատում իր յուրաքանչյուր ելույթ ավարտում էր հետևյալ մետքով. «Եվ, այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ Կարթագենը պետք է կործանվի»: Ի վերջո, հանրահայտ զորավարի և քաղաքական գործչի միտքը դարձավ տարբեր իրավիճակներում կիրառվող թևավոր խոսք, որի շեշտադրումն այն էր, որ առկա խնդիրներում խոչընդոտները պետք է անմիջապես վերացվեն, ինչպես Հռոմը վերացրեց իր համար առարկայական վտանգ և խոչընդոտ հանդիսացող Կարթագենը:

Վերոգրյալ իրողությունը կարելի է կիրառել նաև Հայաստանի ներքաղաքական անցուդարձի համատեքստում: Այսօր Հայաստանը կանգնած է լինել-չլինելու հարցի առաջ: Մենք կորցրել ենք Արցախը և ներկայումս կորցնում ենք Հայաստանը:

Մենք ունենք հանցավոր իշխանություն, որի օրոք ապամոնտաժվել են բոլոր պետական ինստիտուտները, և պետությունը կոլապսի մեջ է: Ունենք հանցավոր իշխանություն, որի օրոք ջախջախվել ենք թշնամու կողմից: Ունենք հանցավոր իշխանություն, որի օրոք թշնամին զբոսնելով մտնում է ՀՀ տարածք: Ունենք հանցավոր իշխանություն, որի օրոք այս կարևոր փուլում ամիսներ շարունակ չունենք ԱԳՆ: Ունենք հանցավոր իշխանություն, որի օրոք պետությունը գտնվում է հարատև կապիտուլյացիայի մեջ և նորանոր զիջումներ են արվում թշնամուն: Այս իշխանությունը մերօրյա Կարթագենն է, որը առարկայական վտանգ է ներկայացնում մեր պետականության համար: Վերոգրյալից ելնելով` մեր պետության փրկության համատեքստում  հանրային  օրակարգում պետք է լինի մեկ տրամաբանություն` այն է`  «Կարթագենը պետք է կործանվի»:

Հեղինակ՝ Դավիթ Ֆիդանյան