Մակար եպիսկոպոս Բարխուդարյան «Արցախ»

86

            «Շրջագայութեանս ժամանակ կրեցի մեծ նեղութիւն. երեք անգամ ազատուեցայ արիւնարբու աւազակաց ձեռքն ընկնելուց, երեք անգամ ձիու տակ մնացի վտանգաւոր տեղերում, այս է` սահեցաւ ձիու ոտքերն, ընկաւ ուժգնակի գետնին եւ ես մնացի ձիու ներքեւ. երեք օր մնացի անսուաղ Ծար գաւառում հաց չգտնելու պատճառաւ»:[1]


            Ծայրից ծայր անցնելով Արցախ աշխարհը`ազգագրագետ Մակար Բարխուդարյանը սերունդներին ի պահ հանձնեց «Արցախ» գիրքը: Այն պարզապես աշխատություն չէ, այստեղ ուղղակիորեն չի նկարագրվում աչքի տեսածը, այլ յուրաքանչյուր տող, ամեն նկարագրություն լցված է սիրով ու հոգատարությամբ դեպի հարազատ մշակույթը, դեպի սեփական պատմությունը, նաև վախով` կորուստի և անհայտնության.«… տեսնելով, որ ժամանակի անողոք ճիրաններն լափում ու եղծում են մեր թանկագին հայրենիքի -Արցախի -ամէնապատուական հնութիւնները եւ արձանագրութիւնները. տեսնելով, որ տգէտ եւ թշնամի ձեռներ քանդում, աւերում եւ ոչնչացնում են հայրենի սրբազան աւանդները. տեսնելով, որ ցեցերն կրծում եւ անյայտացնում են անգին ձեռագիրների յիշատակարաններում եղած պատմական մարգարիտները եւ խոնաւութիւնն ու անհոգութիւնը կլանում են պատմական ակունքները. վերջապէս տեսնելով, որ ընկերութիւններն եւ հարուստներն ցարդ չձեռնարկեցին Արցախի հետազօտութեան գործին, վասն որոյ պարտք համարեցի սիրով կրել ամէն նեղութիւն, աղքատօրէն հետազօտել, գէթ ազատել մնացեալ յիշատակարանները աւերիչ ձեռքերից, ցեցերից եւ խոնաւութիւնից եւ ժամանակի ճիրաններից եւ գոնէ կազմել մի ուղեցոյց` ապագայ հմուտ մասնագէտների համար: Զոր օրինակ մեղուն ծաղկից ծաղիկ ոստոստելով հաւաքում է ծաղկանց ընտիր հիւթերը եւ կազմում պատուական մեղր. նոյնպէս շրջելով գաւառից գաւառ, գիւղից գիւղ, աւերակից աւերակ եւ սարից դաշտ` կազմեցի «Արցախ»ը »:[2]

Դժբախտաբար մեզանում չի հիշվում այս ջերմ հայրենասերի անունը, որ  շնորհակալ շատ գործեր է կատարել յուր ազգի համար:
            Մակար եպիսկոպոսի աշխարհիկ անունը Գևորգ է, ծնվել է 1832 թվականին Արցախ աշխարհի Խնածախ գյուղում, ապրել, իր գործունեությունը ծավալել Շուշիում:


            Սկզբնական կրթությունը ստացել է հայրենի գյուղի քահանայի մոտ, 1862-1868 թթ. սովորել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում, 1880 թվականին դառնում  է Ս. Էջմիածնի միաբան, իսկ 1894 ձեռնադրվում է եպիսկոպոս: Վախճանվել է 1906 թվականին 74 տարեկանում, թաղված է Էջմիածնի միաբանական գերազմանատանը:
            Շուշիում զբաղվել է ուսուցչությամբ, դասավանդել տեղի թեմական , ապա ռեալական դպրոցում, հենց այդ տարիներից էլ սկսել է բուռն ու անձնվիրաբար զբաղվել բանահավաքչությամբ, իրեն նվիրել հայոց մշակույթի, հայոց կյանքի ուսումնասիրությանը:
            Զբաղվել է նաև գրական աշխատանքով. նրա գրչին են պատկանում «Չնաշխարհիկ տղա»,»,«Բարոյական առածներ», «Չոբանն ու նշանածը», «Միրզա և Աննա» գրական գործերը. վերջին երկուսը գրված են արցախի բարբառով:
Նրա պատմական առաջին աշխատությունը`
«Պատմութիւն Աղուանից»,լույս է տեսել 1902 թվականին, տպագրել է Էջմիածնի տպարանը: Գիրքը բաղկացած է երկու հատորից: Երկրորդ հատորը լույս է տեսել Թիֆլիսում 1907 թվականին:

Արցախում իր երկար շրջագայություններից հետո ճամփորդական գրառումների տեսքով լույս է ընծայել «Արցախ» գիրքը:
Մակար եպիսկոպոսը արդեն 70 տարեկան էր, երբ ուխտեց ավարտել իր համար այդ սուրբ գործը, երկար ամիսներ շրջեց Արցախի գավառներով և թողեց մեզ «Արցախ» մնայուն արժեքը:

Գրքի տիտղոսաթերթին գրված է «Արցախ», Մակար եպիս. Բարխուտարեանց, Բագու, տպարան «Արօր», 1895:
            Գիրքը մանրամասն հետազոտություն է, նկարագրում է Արցախի ոչ միայն հարավային մասը, այլև  հյուսիսայինը՝ Գարդմանը (Հյուսիսային Արցախ): Իր ուսումնասիրություններին հետևելով` Մակար եպսիսկոպոսը Արցախը բաժանել է դաշտային, լեռնային և հարավային մասերի, կամ ստորին, միջին և վերին` իրենց գավառներով:
            «Արցախ»-ը կարևոր նշանակություն ունի աղբյուրագիտության համար, քանի որ Բարխուդարյանը նկարագրել է բազմաթիվ հուշարձաններ, որոնք այսօր չեն պահպանվել. և’ ժամանակն է մեղավոր, և’ մարդկային անփույթ ու անողոք ձեռքերն են մեղավոր, և’ մեր անտարբերությունը, որից այնքան վախենում էր եպիսկոպոսը:
            Գիրքը Արցախին նվիրված մի հանրագիտարան է, ուր ամեն նկարագրություն տրվում է շատ մանրամասն, և հեղինակը աշխատության առաջաբանում դիմում է ընթերցողին ասելով. «Մի առ մի գրելով աւերակները՝ ձանձրացնում եմ իմ յարգելի ընթերցողները։ Ես չձանձրացայ մի առ մի շրջելուց, Դուք էլ մի՛ ձանձրանաք կարդալուց»:


            Գրքում կարելի է գտնել արցախյան մշակույթի, արցախյան կենցաղի նկարագրություններ, Արցախի գյուղերի և քաղաքների հոգևոր ու աշխարհիկ կյանքի, յուրաքանչյուր տեղանքի նկարագրությունը`ծիսակատարություններով, եկեղեցական արարողություններով, վանքեր, մատուռներ, ավերված բնակավայրեր, բերդեր.                      «Կարծում եմ, թէ ոչ մի նահանգ այնպէս հարուստ չէ այսպիսի սրբավայրերով եւ ուխտատեղիներով, ինչպէս Արցախեան նահանգն. բայց եւ այնպէս ոչ մի նահանգի վանքեր, անապատներ եւ ուխտատեղիներ այնպէս բոլորովին զրկուած չեն իւրեանց բարոյական եւ նիւթական փառքերից, ինչպէս Արցախեան վանքերն եւ սրբավայրերն»:


            Խնամքով արտագրել է հին ձեռագրեր, հիշատակարաններ.«Առանց ձանձրանալու ընդօրինակեցի բոլոր գրչագիրների յիշատակարաններից (արժան համարուած) հատուածներ եւ պատմական հետաքրքիր կտորներ եւ վանքերի, եկեղեցիների, անապատների, մատուռների, ապարանների, խաչարձանների, մասունքների, եւ մահարձանների արձանագրութիւնները, մանաւանդ` պատմականները»:
«Արցախ»-ը  2009 թվականին ռուսերենով լույս է տեսել Սանկտ-Պետերբուրգում`հազար օրինակով: Հրատարակումը պատրաստել են Բելլա և Վահե Գրիգորյանները, թարգմանությունը՝ Նելսոն Ալեքսանյանը։




[1] Մ. Բարխուդարյան,«Արցախ», էջ`1:

[2] Տե’ս նույնը: