Խոնարհված եկեղեցին

83

1979 թվականի մարդահամարով ՝ Ադրբեջանում ապրում էր 475.5 հազար հայ, որից գյուղական բնակչությունը՝ 116 հազար, քաղաքայինը՝ 359.5 հազար:
            1988-1992 թվականներին Ադրբեջանում`Բաքվում, Սումգայիթում, Գանձակում կազմակերպված հայերի ջարդերից հետո  այնտեղ հայ համայնք այլևս գոյություն չունի:
            Բաքվում այսօր էլ իհարկե հայեր ապրում են,  բայց մեծ հաշվով անհնար է գտնել հայ մշակույթին, հայ կյանքին վերաբերող որևէ հետք:  Քանդելով, ավիրելով, ջնջելով հայ տառ ու խոսք` սեփականացրել ու սեփականացնում են ամեն ինչ:


            Ժամանակակից Բաքվի հենց կենտրոնում`Նիզամիի փողոցում, կանգնած է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Այո, եկեղեցու պատերը կանգուն են, բայց շտապեմ ընթերցողին տեղեկացնել, որ եկեղեցին ծառայում է որպես գրադարան: 1989 թվականին եկեղեցին ենթարկվել է վանդալիզմի, ապա հրդեհվել, գմբեթից և զանգակատնից պոկվել և շպրտվել են խաչերը, փայտյա զարդաքանդակ դռները փոխարինված են երկաթյա կոնստրուկցիաներով, երկու պատուհանները փակվել էին պատով, քերված են հյուսիսային և հարավային մուտքերի երկու կողմից երիզվող զույգ խաչքարերը, իսկ հայկական արձանագրությունները ջնջված են: Հրդեհը ոչնչացրել է մեծ քանակությամբ արժեքավոր ձեռագրեր, գրքեր:
            Եկեղեցու կառուցման տարեթիվը նշվում է 1863 թվականը, և կառուցվել է Շամախու թեմի առաջնորդ Դանիել վարդապետ Շահնազարյանցի  նախաձեռնությամբ, օծվել  1869 թվականին:
            Այսօր եկեղեցին խոնարհված է, մոմ վառող չկա, նրա պատերը շարական ու աղոթք չեն լսել վաղուց, և գուցե պիտի «շնորհակա՞լ» լինենք Անդրբեջանին, որ եկեղեցին հիմա գրադարան է…

Ադրբեջանական կեղծ քարոզչամեքենան աշխատում է օր ու գիշեր. ադրբեջանական aznews.tv-ի հաղորդած տեղեկություններով` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում  գործում է «Խոջալուի ցեղասպանության» թանգարան, ուր իբրև թե ցուցադրված են կարևոր փաստաթղթեր, լուսանկարներ…
Գուցե սրանից ավելի մեծ պղծում եկեղեցին չի տեսել ու չի տեսնի…