Սպառնալիքների և հետապնդումների առումով ես հանգիստ եմ

13

Օրական բազմաթիվ նամակներ եմ ստանում, փողոցում շատ մարդիկ են հանդիպում’ արտահայտելով իրենց դրական վերաբերմունքը և վստահությունը այն աշխատանքի նկատմամբ, որը ես կատարում եմ մասնագիտական դաշտում։ Մեր հայրենակիցները միաժամանակ անհանգստանում են իմ ֆիզիկական անվտանգության համար։

Իրականում յուրաքանչյուր նման խոսք ինձ ոչ միայն ուրախացնում, այլև ուժ է տալիս’ ավելի համառորեն լծվելու հայրենիքի ծառայությանը։ Ձեր յուրաքանչյուր “բարև”, ժպիտ կամ ոգևորիչ խոսք մեծ բան է ինձ համար, որքան էլ դա թվա սովորական երևույթ, որքան էլ դուք կարծեք, թե էկրաններին երևացող մեդիագործիչը դրա կարիքը չունի։ Վստահ եղեք, որ ձեզնից յուրաքանչյուրի դեմքը տպավորվում է, ժպիտ է իր հետ բերում, դուք թևեր եք տալիս։ Ես շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրին և ինձ պարտավորված եմ զգում յուրաքանչյուրի առաջ։

Իհարկե, օնլայն հարթակում լինում են նաև կիսագրագետ և վիրավորանք պարունակող նամակներ։ Դրանք գրեթե չեմ կարդում և միանգամից արգելափակում եմ, քանի որ ժամանակ չունեմ հիմարությունների վրա ծախսելու։ Հասկանում եմ, որ կա ուղղորդված հակաքարոզչություն և քայքայիչ աշխատանք։

Սպառնալիքների և հետապնդումների առումով ես հանգիստ եմ, քանի որ իմ գործունեությունը ոչ միայն Հայաստանում, այլև հարևան ուրիշ երկրներում միշտ է հագեցած եղել վտանգներով, իսկ լրագրողի նկատմամբ ոչ խելամիտ և անօրինական գործողությունների դիմող իշխանության կամ այլ անձանց վրա ծանր կնստի դա։

Ես լրագրող, մեդիափորձագետ, հեռուստամեկնաբան եմ, ով կատարում է իր մասնագիտական աշխատանքը, հանրությանը փաստերով ներկայացնում է իրողություններ, ինչը ամրագրված է միջազգային և տեղական օրենքներով։

Իմ հայրենակիցների ինքնաբուխ թեկուզ քննադատական, բայց խելամիտ դիտարկումները, նաև դրական արձագանքները յուրատեսակ իմունիտետ են ստեղծել փոքր քանակի հակազգային և կոնկրետ վայրից ուղղորդված գործողությունների նկատմամբ։ Իմ փաստերը ջարդում են իշխանության ազգադավ հատվածի ողնաշարը։