Նուլանդը Թուրքիային սպառնաց հավելյալ պատժամիջոցներով

128

ԱՄՆ-ը լրացուցիչ միակողմանի պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի դեմ, եթե վերջինս շարունակի Ռուսաստանից զենքի խոշոր համակարգեր և ռազմական տեխնիկա ձեռք բերել: Անկարայի հետ կապված այս նախազգուշացումն արել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը:

«Մենք շարունակում ենք առարկել Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգի տեղակայման դեմ: Եվ պարզ հասկացրել ենք, որ Ռուսաստանից ցանկացած մեծ զենք գնելու դեպքում CAATSA-ի լրացուցիչ պատժամիջոցներ կձեռնարկվեն [ԱՄՆ օրենսդրությամբ սահմանված]», ասել է փոխարտգործնախարարը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև լսումների ժամանակ:

«[Հինգերորդ սերնդի կործանիչ-ռմբակոծիչ] F-35-ի վաճառքը և Թուրքիայի հետ համատեղ արտադրությունը կշարունակեն մնալ դադարեցված», հավելել է Նուլանդը: