Հայաստան, կոդ` DP

227

Երբ նայում ես հորիզոնին՝ ջրաներկով կտավ հիշեցնող խորդուբորդություններին, ձոր-բլուրներին, անշեղորեն մշակված հանդերին՝ ուզում ես չոքել… ուզում ես չոքել ու լալ հավերժական թվացող այդ դանդաղության առաջ… Հենց այդ հեռվից դիտվող դանդաղության մեջ, Սարյանական կտավի խորքերում մեռավ մեկը… զոհվեց՝ ամբողջացնելով կտավի հանճարեղությանը  մորմոքումը…

     «Լեռներում նորից հնչում է կրակոց: Կամ լեռներում չդադարեց կրակոցը»: Տպավորություն է, որ խանդաղատանքի փոխարեն այս հողում անեծքի սեզեր են բուսնում մեն միայն: Հեյ գիտի Հայաստան:

    Սոսկալին այն է, որ մենք մեր ձեռքով մեզ մշակ կարգեցինք մի այգեպանի, որ ողջ կյանքում «կարտոֆիլ էր աճեցրել», ու հիմա էտում է մեզ բնազդային տխմարությամբ, մասնատում անգիտակից մկրատումներով: Հայաստանը ե՞րբ է այսչափ ջլատվել: Սոսկալին այն է, որ մենք, մեծ հաշվով տեղյակ էլ չենք, թե ինչ է կատարվում, ու դեռ ինչեր պիտի կատարվեն:

    …Շատրվանների ֆոնին երիտասարդներն անհոգ գարեջրվում են, պարմանուհիները զիստերը բացում սանտի առ սանտի. վարչապետն ու հ1ը չեն հայտնում, որ մարդ զոհվեց, մարդ վիրավորվեց, մարդ ծեծվեց, մուսուլմանական շեղսայր է մոտենում, ահագնանում ու… գրողը տանի…սպառնալիքի տակ ճոճվում է մի հնագույն ճակատագիր:

    Շատ եմ ասել, որ նրանք ովքեր հանդում արածող անասունի հանգստությամբ պնդում էին, թե «ինքնիշխան երկիր», «սուվերե՜ն, սուվերե՜ն», «էս էլ Ղարաբաղ հո չի», իհարկե, այնտեղ են՝ շատրվանների ֆոնին և նայում են օրիորդների կաթնագույն ազդրերին: Ավինյանն իր էլեմենտը նստած տիկնիկի տոնով ասում է՝ համբերել է պետք, նախկին ԿԳՄՍ մալը շարունակում է իր կոր ու բութ դեմքով ռեսուրս սպառել, Քյարամյանը, նույն կասկածանքն է հարուցում իր մութ եվրոպական անվայելությամբ, դե իսկ սովետական մածունի շշի կերպարանքով մեր նախագահը, որի գործունեությունը Ստալոնեի կամ նվազագույնը Գոռ Վարդանյանի համար մի հյութեղ ֆիլմի սյուժե կհանդիսանա, չկա: Սա երկիր չէ, սա խոշոր նկարահանման հրապարակ է…

    Կաթիլ-կաթիլ, դանդաղ-դանդաղ ուժասպառ ենք լինում, քամվում ենք, բայց գոհ ենք մեր այն հյուսած հորինվածքից, թե երկրում կոռուպցիա չկա այլևս: Սուտ է: Մեր երկրում ոչ միայն կոռուպցիան վխտում է, այլև լի է թուրքական ապրանքն ու հենց ինքը՝ թուրքը: Տո վերջին հաշվով, գլուխը քարը, ավելի լավ է ունենալ Հայրենիք՝ մի կտոր հող, որի վրա զբաղվես կոռուպցիայով ու սրիկայությամբ, քան թե վատնես հողդ՝ գոռալով Կոդ DP… և երկիր չունենալու շնորհիվ ազատվես այդ անիծյալ կոռուպցիայից, կամ ապրես թուրանական գաղութում ու դառնաս մուսուլմանական կոռուպցիայի լուռ ականատեսը:

    Հ.Գ. «Իդ Մուբարակ» հարգարժան վարչապետ, բայրամդ շնորհավոր սիրելի իմքայլական ասքյարներ, և կեցցես առանց ճիպոտ հրվող ամբոխ, որ սպասում ես թուրքի սեփական շքամուտք հասնելուն, որ նոր ըմբոստանաս ու վտանգ զգաս: Չեմ կարծում, թե հոդվածը, կամ որևէ բարկ խոսք կարող է մի մկնաչափ օգուտ տալ, բայց, վերջիվերջո, չխոսել, ասել է թե ինքնատականքանալ եսիդ առաջ՝ հայկական եսիդ առաջ:

Հայկ ՍԻՐՈՒՆՅԱՆ