Եվ հիմա միայն մեկ հարց՝ ինչո՞ւ սպանվեց քառասունամյա Վազգենը

165

«Վազգենն այդ տղային իր հոգու մեջ ուներ, Վազգենը պոետ էր և երևի թե այդ տղային ա՜յ էն բլրի գլխից իրեն հետևելիս էր տեսնում…»։

Հրանտ Մաթևոսյան, «Մի՛ ուրացեք ձեր եղբորը» 

Բեկբեկվող այս ժամանակներում իմ հայացքը իր ուրվագծին է ուղղված, և նրա խոսուն լռությունը ինձ հանգիստ չի տալիս։ 

40֊ը բիբլիական թիվ է, և երկրային այն ժամանակի կուտակումն է, որի հատումը եղավ նրա երկրային կյանքի վերջն ու դարձավ սկիզբը հավերժության մեջ։ 
Ո՞ր սահմանի խաչմերուկում է կանգնած Վազգենը։ 

Սա խիստ կարևոր հարց է։ Ինչո՞ւ, որովհետև պատմությունն  անհատների առանձնահատկությունների, կայացրած որոշումների և իրականացրած քայլերի համագումար է,  և մարդիկ ու ժողովուրդները հետևորդի դերում են։ 

Վազգենի կենսագործունեությունը երեք բաժանում ունի` մարդը, գրողը, քաղաքական գործիչը` այս հատվածում իրարից անջատ պետք է նայել պաշտպանության նախարարին և վարչապետին։ 

Իր մարդկային տեսակը ընդգծված տղամարդկային էր, և Մաթևոսյանի «ճիշտ, կոպիտ, ճշմարիտ, շիտակ պիտի լինես» արտահայտությունը Վազգենի ամբողջականությունն է բնորոշում։ 

Չնայած նրա սարսափ առաջացնող հեղինակությանն ու մինչև վերջ պայքարողի անջարդ կամքին և անկոտրում նպատակասլացությանը` Վազգենի մեջ Էքզյուպերիի Փոքրիկ Իշխանից շատ բան կար խտացած` սկսած իր օրոք Սպարապետություն անվանվող ՊՆ այգում վարդերի հետ զրուցելուց, նրանց խնամելուց մինչև պատասխանատվությունն առ մարդիկ, ժամանակն ու պետությունը, որոնց ինքն էր ընտելացնում։ 

Եվ որպես գրող Վազգենը հանդես է գալիս հայկական խորքերի բնորոշումից մինչև նկարագրվող ներկայի առանձնահատկությունները` սահմանափակ սպիտակ թղթի վրա դիպուկ, հյութեղ ու խորիմաստ արտահայտվելու հմտությամբ, արձակի կարճ տարածությունները լավագույնս հագեցնելու վարպետությամբ, որտեղ կան մտքում դաջվող, սրտում տեղ գտնող մտքեր, խոսքեր և ոչ մի ավելորդ ու պլպլան բառ կամ նախադասություն։ Նշենք, որ այստեղ էլ արական սկիզբը գլխավորում է,  և Վազգենի գրականությունը առնական բնույթ ունի` լալահառաչ կանացիությունը վտարված է այնտեղից։ Խոսքը պինդ գրչով տաղանդավոր երիտասարդ գրողի մասին է, ով դեռ բացվելու ու առաջանալու էր, եթե 1988 թ. Համազգային Զարթոնքը նրան գրիչը զենքով փոխարինելու որոշման չբերեր։ 

Որպես պետական գործիչ՝ Վազգենը թագավորական գահին չհասավ, և սա մեծ ողբերգություն դարձավ բոլորիս համար, բայց ի սկզբանե և մինչև վերջ իշխում, կառավարում և աշխատում էր տիրոջ հոգեբանությամբ ու արքայավայել։ Նա ժամանակի, մարտահրավերների և անհրաժեշտի բացառիկ ընկալում ուներ և լավագույնս էր գիտակցում ձեռքբերված բացառիկ հաջողությունները պահպանելու, պաշտպանելու ու զարգացնելու խնդիրը։ Ժամանակի զգացողությունը իր մոտ շատ սուր էր արտահայտված։ 

«Համազգային միասնություն» և «համաշխարհային դիմադրողականության մեծացում»` ահա Վազգենի գլխադասային երկու թեզերը, որոնք սյուների պես պետք է պահեին հայկական պետականությունն ու հայությանը, որոնց վրա պիտի կառուցվեր մեր ֆիզիկապես փոքր երկրի կայսերական մտածելակերպն ու արտահայտչությունն աշխարհում։ 

Կարճ ժամանակում Վազգենին հաջողվեց տիտանական գործ անել, որն ավելի շատ ու ավելի շուտ առաքելական ձև և էություն ուներ, քան թե պարտականության։ 

Իրենից վախենում էին, և սա նրա նկատմամբ համընդհանուր վերաբերմունքի փաստն էր, բայց երկու կարևոր բան կար` Վազգենի մեջ կեղծիք չկար և սիրով էր անում ամեն ինչ` սեր առ պատմության լավագույնը, ներկայի հրաշալի առավելությունները, ապագայի հնարավորությունները։ 

«Առանց սիրո ցանկացած գործ նման է ծնծղայի, դատարկ ծնծղայի» և շարունակում էր. «…ինչ անես, սիրով պետք է անես»։

Վազգենը երբեք չի եղել ծայրահեղական, ոչ իրատեսական կամ ազգայնական։ 
Լինելով 1988 թ. Շարժման ծնունդ հայ քաղաքական նոր մտքի և արժեքների կրողն ու արտահայտողը` նա անկախ և ուժեղ պետականությունն ու պետության շահը վեր էր դասում ամեն ինչից, բայց գտնում էր որ պրագմատիզմի հետ նաև ոգեղենության կարիքը կա և հավատ, որ անհնարինը հնարավոր կդառնա,  ինչն ինքն ու իր զինակիցների թիմը` Շարժման իշխանությունը, մեր պատմության մեջ լավագույնս հաջողեցրեցին անել, երբ Հայոց Համազգային Շարժումը իրականություն դարձրեց իր կողմից հռչակած ծրագրի բոլոր կետերը` այդպիսով դառնալով միակը հայ քաղաքական մատենագրության մեջ։ 

Հեգելը Նապոլեոնի մասին ասում էր. «Համաշխարհային ոգի», ապա և ուրեմն մենք Վազգենի մասին ասում ենք «մեր ոգեղենության խորհրդանիշը»։

Նա կարողանում էր իր մեջ կուտակել մեր պայքարի էներգիան, այն շաղախել յուր կամքի հետ և  գիտակցելով անցյալը` երկաթե ձեռքի մեջ պահել ներկան, տեսնել հեռանկարներն ու անվախորեն առաջ գնալ` իր հետևից տանելով պետությունն ու ազգը։ 

1994 թ. Հայրենական (կուզեք Արցախյան) պատերազմի հաղթանակի կամքի կենտրոն ու խորհրդանիշ, ռեգիոնալ ամենամարտունակ բանակի ստեղծող հայր ու ամուր պահող սպարապետ, վերջին և ամենաազդեցիկ ու հեռանկարային դաշինքի` «Միասնության» համանախագահ ու ամենահզոր վարչապետը։ Երիտասարդ և ոչ երկար մեկ կյանքի համար վերոգրյալը պատմական նվաճման մասին է խոսում։ 

Մեկ մեջբերում` ընկալումը խորքայնացնելու համար. 

«Կան վճռական պահեր ժողովուրդների և պետությունների կյանքում, երբ անհրաժեշտությունը ծնում է հզոր գաղափարներ իրագործող ուժեղ անհատներ, որոնք ի զորու են ժողովրդին առաջնորդելու։ Հազվագյուտ բարեբախտություն է, երբ ժամանակը, ժողովուրդը և առաջնորդները գտնում են իրար։ 1988֊ին այդ հրաշքը, կարծես թե, կատարվեց։ Ափսոս, շատ կարճ տևեց։ 21֊րդ դարում ձգտելու ենք վերագտնել այդ փափագելի եռամիասնությունը (ՀՀ ՊՆ Նախարար Վազգեն Սարգսյան, «Ամեն մարդ աշխարհն իր սրտի չափ գիտի», Հայաստանի Հանրապետություն, 1999թ., մայիսի 18)»։ 

Սա բարձր գիտակցման և ֆունդամենտալ մոտեցման դրսևորում է, ինչը հատուկ էր Վազգենին, և որը նրա գոյությամբ գործնական տեսք էր ստանում, առարկայական շոշափելիություն։ 

Անհատներն են պտտում պատմության ու քաղաքակրթության անիվը և մնում են մարդկանց կյանքում` սրտում ու մտքում, դարեդար դաստիարակելով և առաջնորդելով նրանց։ 
Այդպիսին է Վազգենը։ 

Իր բացակայությամբ նա ավելի ներկա է, քան ապրողների մեծամասնությունը, և կոտորակվող այս ժամանակներում Վազգենի կարիքը ամենից շատն է պահանջված։ 
Նա ապրող և ապրեցնող տեսակ է, ու նրա չհանգչող ոգեղենությունը` հավատքից հետո, մեզ ամենից շատը պետք է ոգևորի։ 

Որովհետև կար մի տղա, ով իր գարուն կյանք դրեց հանուն մեզ, ով  խոստումնալից գրողից սկսեց ու հասավ մահապարտ վարչապետի վիճակին, և մեզ զրկեցին նրանից` զրկելով պատվով ապագայից։ 

Սակայն մեզ հետ է քրիստոնեական այն ճշմարիտ վստահությունը, որ Աստծու մոտ մեռածներ չկան` բոլորը ողջ են, և Վազգենի կենդանի կերպարն ու թողած հսկայական ժառանգությունը պիտի ապրող ու ապրեցնող շարժիչ լինեն բոլորիս համար։ 

Եվ այսօր, երբ ջախջախջախված ենք գտնում ամեն ինչ, մի հարց է ինձ անդադար տանջում. «Ինչու՞ սպանվեց 40֊ամյա Վազգենը»։ 

Հարցադրումը ոչ այդքան հռետորական է, որքան մեղադրական։ Հոկտեմբերի 27֊ից հետո սա երկրորդ հարվածն էր` ուղղված սպանված հերոսին ու հայությանը, որը ստացանք մեր անփույթ անտարբերության և հանցավոր ապաշնորհության համար ու շարունակում ենք նույն տձևությամբ և անբովանդակությամբ։ 

Մեծերին, հերոսներին, արժանավորներին և երախտավորներին հիշել և խնամքով փայփայել է պետք։ Նրանք մեր կյանքը լուսավորողն ու հագեցնողն են։ Դա պետական քաղաքականության և ազգային արժանապատվության հարց է։ 

Վազգենը մեզ ոգեկոչման է կանչում։ 

Եվ, վերջապես, ո՞ր խաչմերուկում է կանգնած Վազգենը, պատասխանենք. հաղթական անցյալի և վերածնվող ապագայի հատման կետում է, մեզ է սպասում` մեզանից այն միակը, ով XXI֊րդ դարում է, իսկ բոլոր դեռ` քսանմեկում։ 

«Դարերի մեռած պատմությունը թափ տվեք ձեր հոգուց, մի՛ մեռեք ձեր տան մեջ: Ձեր հոգու մեռելներին թաղեք»… 1999 թ., հոկտեմբեր… 

Վարդանյան Ռուբեն 
պատմաբան, հրապարակախոս