Դեն Բրաունը պատմում է իր հեղինակած «Վայրի սիմֆոնիա»-ի մասին. նախագիծը Երևանում կներկայացվի հուլիսի 24-ին

29

Մամուլի հաղորդագրություն

Բազմաթիվ բեսթսելերների հեղինակ, ամերիկացի գրող Դեն Բրաունի «Վայրի սիմֆոնիա» ստեղծագործությունը հուլիսի 24-ին կներկայացվի Երևանում։ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Վայրի սիմֆոնիա» գրքի շնորհանդեսը, որը լույս է տեսել «Զանգակ» հրատարակչության ջանքերով։ Այնուհետև կցուցադրվի նկարազարդ հեքիաթի էկրանավորումը, որը կուղեկցվի կենդանի երաժշտությամբ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ և դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարմամբ։ Համերգը նախատեսված է 3 և ավելի բարձր տարիքի երեխաների համար։

«Վայրի սիմֆոնիա» ստեղծագործության հեղինակ Դեն Բրաունը, պատմելով գրքի ստեղծման մասին, նշում է, որ փոքր հասակից սիրել է երաժշտությունը։ Եվ ահա մի օր էլ սկսել է մտածել, թե այդ սերն ինչպես փոխանցի փոքրիկներին ու գրել է «Վայրի սիմֆոնիա» գիրքը։ Հեքիաթը դիրիժոր մկնիկի մասին է, որը պատրաստվում է համերգ կազմակերպել և նվագախմբում նվագելու համար հրավիրում է անտառի իր ընկերներին։ Նրանցից յուրաքանչյուրը, երաժշտությունը ներկայացնելուց բացի, ընթերցողներին է փոխանցում մի փոքրիկ իմաստություն կյանքից՝ պահպանել անհատական կերպարը, ընկնելուց հետո ոտքի կանգնել ու շարունակել աշխատել։ «Վայրի սիմֆոնիա»-ի շրջանակներում յուրաքանչյուր կենդանու համար գրվել է այնպիսի երաժշտություն, որն արտահայտում է նրա առանձնահատկությունները։

Հեղինակը, այս նախագիծը ստեղծելով, կիրառում է նոր տեխնոլոգիաներ՝ հնարավոր դարձնելով ընթերցանության և ունկնդրության համաժամանակյա փորձառությունը։ Կիրառվել են թվային տեխնոլոգիաներ՝ նախագիծը մերօրյա երեխաներին ավելի գրավիչ դարձնելու համար։

Այս ստեղծագործության շնորհիվ մանուկները ծանոթանում են սիմֆոնիկ երաժշտությանը, նվագախմբի կազմին, երաժշտական գործիքներին։

Տեսանյութում Դեն Բրաունը պատմում է իր հեղինակած «Վայրի սիմֆոնիա»-ի մասին՝

https://www.facebook.com/ArmSymphony/posts/4132372173525125

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ