Վազգեն Մանուկյանի խափանման միջոցի հարցով որոշումը դատարանը կհրապարակի սեպտեմբերի 22-ին

32

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը հետաձգելու մասին որոշում կայացրեց։

Պաշտպանները դատարանին միջնորդել էին վերացնել Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին։ 

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին։

Հիշեցնենք, որ 2021 թ․ փետրվարի 20-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, և որոշում է կայացվել Վազգեն Մանուկյանին գործում ներգրավել որպես մեղադրյալ։ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Նշենք, որ 2021թ. մարտի 9-ին Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է՝ 2021թ. փետրվարի 26-ին Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ արված հայտարարությունների հիման վրա:

Վազգեն Մանուկյանն այս քրեական գործն ու իրեն առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդում է համարում։