Հայոց Շուշիի հայկական տպարանները

146

«Տարազ» շաբաթաթերթի 1891 թվականի հունիսի 16-ի համարում կարդում ենք․ «Տպագրութեան արհեստը Շուշում լաւ է դրւած․ այդտեղ կան երկու հարուստ տպարաններ, որոնց մէջ գործում են արագատիպ մեքենաներ։ Կովկասում Շուշին Թիֆլիսից յետոյ առաջին տեղն է բռնում հայերէն գրքերի հրատարակութեան գործում և այդ կողմից նա շատ առաջ է անցել այնպիսի մեծ ու հայաշատ քաղաքից, որպիսին է Բագուն» (Տարազ, 1891, N22):

Մինչև 1920 թվականը Շուշիում գործել է 10 տպարան, որտեղ հրատարակվել է 160 գիրք։

1874-1920թթ․ այստեղ լույս է տեսել 28 անուն թերթ և հանդես, որոնցից 25-ը հայերեն, 3-ը՝ ռուսերեն։ 1891 թվականին Շուշիում կար 3 գրախանութ։

Բողոքական քարոզիչների տպարան ( մոտ 1822-1833)

Շուշիի Բողոքական քարոզիչների տպարանը Հայաստանի տարածքում բացված երկրորդ տպարանն է՝ Էջմիածնի՝ 1771 թվականից գործող տպարանից հետո։ Ենթադրվում է, որ տպարանը սկսել է գործել 1822 թվականից՝ Բազելի «Ավետարանական քարոզչական ընկերության» քարոզիչներ Ավգուստ Դիտրիխի և Ֆիլիցան Զարեմբայի ջանքերով։

Ամերիկացի աստվածաբան Հարիսոն Դուայթը, ով երկար տարիներ ապրել է Արևմտյան Հայաստանում և զբաղվել է հայերիս խնդիրներով 1830 թվականին իր նամակներից մեկում վկայում է, որ քարոզիչները Շուշիում ունեն տպարան, որը գործում է Դիտրիխի ղեկավարությամբ։ Այստեղ տպագրվող հայերեն աշխատությունները ենթարկվում էին գրաքննության՝ նախ Ներսես արքեպիսկոպոսի, ապա Էջմիածնի Սինոդի կողմից․ «Ամենակարևոր աշխատանքը, որը ձեռնարկվել է պ․ Դիտրիխի կողմից, և որից ամենամեծ օգտակարությունն է ակնկալվում Նոր Կտակարանի թարգմանությունն է ժողովրդական հայերենով»,- կարդում ենք նամակում։ Նույն նամակի մեկ այլ հատվածում Դուայթը ներկայացնում է տպարանի փակման պատճառները․ «Այժմ փաստացի գրաքննիչների թշնամական դիմադրության պատճառով տպարանի աշխատանքները բոլոր բաժիններում դադարեցված են։ Այսպես հայկական հիերարխիայի ներկայացուցիչները ռուսական օրենքների օգնությամբ և պապական իշխանության հոգով ու դաժանությամբ գործի են դնում իրենց իշխանությունը (աղբյուրը՝ Researches of the Rev. E. Smith and Rev. H.G.O. Dwight in Armenia, Boston, 1833,  նամակը՝ էջ 71-91)

Ի վերջո, 1833 թվականին տպարանը փակվում է՝ հասցնելով լույս ընծայել միայն 22 գիրք։

Արցախի հոգևոր թեմի տպարան (1837-1902)

1830-ական թվականներին կառավարության հրամանով Շուշիում արգելվում է բողոքականների քարոզչական, ուսուցչական ու տպագրական գործունեությունը։ Քարոզիչների տպարանը ձեռք է բերում Արցախի թեմի առաջնորդ Բաղդասար Մետրոպոլիտը և այն հատկացնում Հոգևոր դպրոցին՝ վերանվանելով «Հայոց հոգևոր տեսչության տպարան»։

1837 թվականին այս տպարանում լույս է տեսնում առաջին գիրքը՝ Ջ․ Բայրոնի «Շիլիոնեան կալանաւորը» (թարգմանիչ՝ Մ․ Զոհրապյան)։ Գիրքի տիտղոսաթերթի վրա գրված էր․ «Վիճակաւոր առաջնորդին Ղարաբաղու բարձր սրբազան մետրոպոլիտի Բաղդասարայ»։

Տպագրությունն ընթանում է մինչև 1840 թվականը՝ հրատարակելով 11 գիրք։

1853 թվականի ապրիլին Բաղդասար մետրոպոլիտը տպարանը կտակում է Արցախի թեմի վիճակային ատյանին (կոնսիստորիա)։ Հինգ տարի անց թեմակալ առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Վեհապետյանը մոսկվայաբնակ հայ բարեգործ Հովհաննես Հովնանյանի աջակցությամբ վերազինում է տպարանը և այն անվանում Սբ․Էջմիածնի տպարան՝ դնելով Վիճակային ատյանի իրավասության ներքո։ 1858-1863 թթ․այստեղ հրապարակվում է 3 գիրք։

1863-73 թվականներին տպարանի կարգավիճակը բազմիցս փոխվում է․ նախ այն վարձով աշխատեցնում է տպագրիչ Մինաս Տարղլիճյանցը, ապա՝ Խաչատուր քահանա Ղալաբեկյանը, Ավետիս Թառումյանը և Բաբաջան Գրիգորյանը։

1873 թվականի սեպտեմբերին Հոգևոր դպրոցի նորանշանակ տեսուչ Խորեն վարդապետ Ստեփանեն սկսում է «․․․ կիսակենդան տպարանն վերանորոգել, որ «Հայկական աշխարհն» շարունակէ» (Շահունեանց Վահան, Նամակ Շուշուց, «Մշակ», 1873, համար 41)։ Նա ոչ միայն կյանքի է կոչում տպարանը, այլև 1874 թվականից կարողանում է վերսկսել «Հայկական աշխարհ» ամսագրի՝ 1871թ-ից դադարեցված տպագրությունը։

1893 թվականից տպարանի գործերն աստիճանաբար սկսում են վատանալ և այն վերջնականապես փակվում է։ 1864-1902 թթ․ընթացքում տպարանում հրատարակվում է 37 գիրք։

Հրապարակված գրքերին ցանկին կարող եք ծանոթանալ «Հայ գիրքը 1801-1850 թվականներին» և «Հայ գիրքը 1851-1900 թվականներին» գրքերում։

Մինաս Տարղլիճյանցի տպարան (1854)

Շուշիում գործած երրորդ տպարանը, որը գոյություն է ունենում միայն մեկ տարի, հիմնադրում է Մինաս Տարղլիճյանցը։ Այստեղ տպագրվել է ընդամենը երկու գիրք։ Ի դեպ, Տարղլիճյանցը 1851 թվականին տպարան էր բացել նաև Շամախիում։

Մինաս Տարղլիճյանցի հրատարակած գրքերի ցանկը՝

  1. Ժամագիրք Հայաստանեայց Սուրբ եկեղեցւոյ, 1854, 523 էջ։
  2. Նորահիւս Էֆիմերտի, 1894, 495 էջ։

Հ Ս Հովնանյանցի տպարան (1870)

Հովնանյանցի բացած տպարանը, ցավոք, ևս ունենում է  կարճ կյանք․ այն գործում է միայն բացման տարում և հրատարակում ընդամենը մեկ գիրք՝ «Աւետարան տեառն մերոյ Յիսուս Քրիստոսի», 1870, 280 էջ։

Շարունակելի․․․

Պատրաստեց Արամ Խաչատրյանը