Աշխարհի գավաթ. Հայկ. Մ. Մարտիրոսյանը պայքարից դուրս թողեց Ադրբեջանի հավաքականի առաջատարին

46

Սոչիում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ, 21–ամյա Հայկ Մ. Մարտիրոսյանն (2648) պայքարից դուրս թողեց Ադրբեջանի հավաքականի առաջատար, համաշխարհային վարկանիշային աղյուսակը 6–րդ համար, 36–ամյա Շաքրիյար Մամեդյարովին (2770)։

Թայ–բրեյքում հայ գրոսմայստերը արագ խաղի երկու պարտիայում առավելության հասավ 1,5;0,5 հաշվով։ Մարտիրոսյանն առաջին պարտիայում սեւ ֆիգուրներով 91–րդ քայլում պարտության մատնեց մրցակցին, իսկ սպիտակներով ոչ ոքի արդյունքի հասավ 59–րդ քայլում։

Հիշեցնենք, որ հուլիսի 19–ին հայ գրոսմայստերը երկրորդ դասական պարտիայում սեւ ֆիգուրներով պարտվել էր 86–րդ քայլում։

Հայկ Մ․ Մարտիրոսյանը առաջին դասական պարտիայում սպիտակներով հաղթանակ էր տարել Մամեդյարովի նկատմամբ։

2016թ. աշխարհի մինչեւ 16 տարեկանների չեմպիոն Հայկ Մ․ Մարտիրոսյանը աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչն է։ 

1/16 եզրափակիչում նրա մրցակիցը կլինի խորվաթ Անտե Բրկիչը (2592)։ 

Հայկ Մ. Մարտիրոսյանն առաջին շրջանում հաղթել էր զամբիացի Չիտումբո Մվալիին (2281), երկրորդ շրջանում՝ թուրք Մուստաֆա Յիլմազին (2630)։

News.am