Կորոնահերթեր հայ-իրանական սահմանին

58

Այս օրերին հայ-իրանական սահմանին հազարավոր մարդիկ մեծ համբերությամբ սպասում են իրենց հերթին, որպեսզի հատեն սահմանը եւ պատվաստում ստանան Հայաստանում: Խնդիրն այն է, որ հուլիսի 15-ից ՀՀ-ում օտարերկրացիների պատվաստման համար կարգը փոխվելու է, օտարերկրացիները նախ պետք է 10 օր անցկացնեն ՀՀ-ում եւ հետո միայն կկարողանան պատվաստվել: Ահա թե ինչու բազմաթիվ իրանցիներ շտապում են Երեւան: Կա նաեւ խնդրի մյուսՙ ոչ պակաս կարեւոր կողմը, այն էՙ անվճար պատվաստումը, որն էլ լրացուցիչ շահագրգռող դրդապատճառ է դարձել:

Թերեւս այդ հանգամանով է բացատրվում նաեւ Հանրապետության հրապարակում իրանցիների աշխուժությունը Վարդավառի տոնին եւ համատեղ նշումը: Ինչպես ասում ենՙ հաճելին օգտակարի հետ բանաձեւը կիրառական է այս դեպքում: Սակայն միայն Հանրապետության հրապարակում չէ, որ իրանցի հյուրերը աշխույժ են: Նկատելի է, որ մայրաքաղաքի վարչական տարբեր շրջաններում եւս շտապօգնության շրջիկ մեքենայի շուրջ կարելի է տեսնել հարյուրավոր իրանցիների, որոնք պահպանելով կարգուկանոնը, սպասում են պատվաստվելու իրենց հերթին:

Հետաքրքրականն այն է, որ տեղացիների պատվաստման ոչ աշխույժ վիճակը դարձել է խիստ պահանջված իրանցիների համար, որոնք մի քանի ավտոբուսներով շարունակաբար գալիս են ստանալու իրենց համար այնքան կարեւոր չափաբաժինը: Այս համատեքստում ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն էլ մի քանի օր առաջ հայտնել էր, որ օտարերկրացիների պատվաստման տոկոսն աննշան է: Մինչդեռ սոցիալական ցանցերում հրապարակված իրանցիների լուսանկարները հակառակն են փաստում:

Իրականում վիրուսի հետեւանքով առաջացած իրանական խուճապը կարող է վտանգավոր դառնալ տեղի բնակչության համար եւս, հատկապես «Դելտա» շտամի տարածման առումով, եթե համապատասխան պետական մարմինները քայլեր չձեռնարկեն այդ ուղղությամբ: Այդ նպատակով անհրաժեշտ է ստեղծել գործուն մի մեխանիզմ, որի շրջանակներում հատուկ կետերում կարելի է իրականացնել նրանց պատվաստումը մինչեւ Երեւան հասնելը: Այդ կերպ հնարավոր կլինի մասամբ խուսափել շտամի բռնկումից Հայաստանում, հակառակ դեպքում աշնան նախաշեմին կունենանք առողջապահական նոր ճգնաժամ:

Հարկ է նկատի ունենալ, որ Իրանում արդեն իսկ հաստատված «Դելտա» շտամն ավելի վարակիչ է, քան կորոնավիրուսը: 90 միլիոն բնակչություն ունեցող Իրանում շտամի տարածումը պայմանավորված է պատվաստումների սահմանափակմամբ:

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ